Սեպտեմբերի 1-ին Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի առջեւ հառնում էր հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ վաստակավոր ուսուցիչ, այդ դպրոցի երկարամյա տնօրեն Մկրտիչ Մարտիրոսյանի կիսանդրին: Այն ժամանակ Գ. Մարտիրոսյանի հորեղբոր որդին՝ Տավուշի մարզպետի օգնական Միքայել Մարտիրոսյանը, մեզ ասաց, որ արձանի հանդիսավոր բացումն ու դպրոցի անվանակոչումն ավելի ուշ են կատարվելու, քանի որ տոնական միջոցառմանը արտերկրից հյուրեր են մասնակցելու: Սեպտեմբերի 29-ին կայացավ սպասված միջոցառումը, սակայն արտերկրից հյուրեր չկային, բացակայում էր նաեւ Գարիկ Մարտիրոսյանը: Հանդիսության ժամանակ ելույթ ունեցան Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ ուրիշներ, երախտիքի խոսք հղեց Մ. Մարտիրոսյանի որդին՝ Սիրակ Մարտիրոսյանը: Հուշարձանի հանդիսավոր բացումը կատարեցին թիվ 5 դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը, դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Սուրեն Գիշյանը եւ Մ. Մարտիրոսյանի թոռ Միքայել Մարտիրոսյանը: Ընթերցվեց Գարիկ Մարտիրոսյանի հեռագիրը, ուր նա շնորհակալություն էր հայտնել իր պապի վաստակի նկատմամբ ցուցաբերված գնահատականի համար: Դպրոցի երկրորդ հարկում կազմակերպվել էր լուսանկարների եւ արխիվային նյութերի ցուցադրություն, որոնք պատմում էին Մ. Մարտիրոսյանի անցած ուղու մասին: Մկրտիչ Մարտիրոսյանի կիսանդրու հեղինակը իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանն է:
Ի դեպ, արարողությանը ներկա է եղել, սակայն ելույթ չի ունեցել Գ. Մարտիրոսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Տավուշ