ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՍ, ՈՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ՉՍՊԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առողջարան» հաղորդաշարի հեղինակ եւ վարող ԿԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ վարում է բժշկական հաղորդումն արդեն 12 տարի:
-Ինչո՞ւ հանկարծ երիտասարդ աղջիկը որոշեց առողջապահության ոլորտը լուսաբանել, սովորաբար այդ տարիքում ավելի ժամանցային հաղորդումներով են հետաքրքրվում:
-Ինչպես բոլոր նորմալ երիտասարդ աղջիկները, ես էլ ուզում էի զվարճալի ծրագրերում լինել, մի քանի փորձ ունեցա, բայց կարճ ժամանակահատվածում հասկացա, որ ինչ անում ես, պետք է անես հօգուտ ժողովրդի: Իսկ եթե հենց էնպես խոսեցիր, ու դա ոչ մեկի վրա ներգործուն ուժ չունեցավ, սպանեցիր եթերային ժամանակ, ինչի՞ համար: Ինձ թվաց՝ դա իմ մասնագիտական պատվից ցածր է: Ու քանի որ բժշկության բնագավառում ունեմ որոշակի մասնագիտական կրթություն, առաջարկում էի ժողովրդին լսել այն, ինչ հաստատված ու ապացուցված է բժշկության կողմից, չկա որեւէ անլուրջ մոտեցում:
-Ինքներդ Ձեր տված խորհուրդներին հետեւո՞ւմ եք:
-Իհարկե, եթե ես չհետեւեմ, նշանակում է՝ չեմ հավատում իմ ասածին ու արածին:
-Ձեր հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ հայտնի մարդկանց եք հրավիրում ու բարձրաձայնում նրանց խնդիրների մասին: Հասցրե՞լ եք պարզել՝ հայտնիներից ով ունի ամենից շատ գանգատներ ու տարատեսակ հիվանդություններ:
-Այդ ֆորմատով դեռ կարճ ժամանակահատված է, ինչ եթերում ենք, դրա համար ամպագոռգոռ բաներ չէի ցանկանա ասել: Իսկ ինչո՞ւ ընտրվեց հենց այս ֆորմատը, քանի որ ոչ ոք լուրջ բան չի ցանկանում եթերում տեսնել: Մարդիկ ուզում են ժամանցային, ուրախ բան դիտել: Դրա համար էլ մենք ընտրեցինք հենց այս ֆորմատը, որտեղ հայտնի մարդիկ իրենց օրինակով ցույց կտան իրենց խնդիրներն ու օգտակար խորհուրդներ կտան:
-Հոգնեցուցի՞չ չէ 12 տարի լինել եթերում, ցանկություն չի՞ առաջանում թողնել, մեկ այլ բան սկսել:
-Իհարկե լինում է, հայկական իրականության մեջ դժվար է չհիասթափվելը: Ես կասեի, նույնիսկ անընդհատ պայքարում ես, որ հիասթափությունը քեզ չսպանի:
-Ի՞նչը կամ ո՞վ է օգնության հասնում հիասթափության պահերին:
-Պրոդյուսերս` Մարգարիտա Դավթյանը: Նա օպտիմիստ է, ես էլ երեւի ավելի հոռետես: Կարծում եմ, դա մեր իրականությունից է գալիս: Ամեն տեղ գոյատեւման խնդիր է, նույնիսկ անձնական կյանքում: Էլ չեմ ասում մասնագիտական ոլորտում՝ տարբեր հարթությունների վրա: Ջունգլիների օրենքով փորձում են մեկը մյուսին տրորել ու իրենցից ոչինչ չներկայացնելով՝ առաջ գնալ:
-Պատահե՞լ է, որ փորձեն խանգարել հաղորդմանը:
-Իհարկե, կան մարդկանց, պաշտոնյաների անիմաստ ամբիցիաներ, տարբեր խնդիրներ: Նկատած կլինեք, որ բուժումներից բոլորը խոսում են, բայց այդ ամենը սովորաբար շատ հեռու է լինում բժշկությունից: Ով չի զլանում, փորձում է մյուսին ինչ-որ բան սովորեցնել: Մենք էլ փորձում ենք մեր հերթին արգելել գոնե մեր հաղորդման շրջանակներում մարդկանց, որոնք անհասկանալի ու կասկածելի բժշկությամբ են զբաղվում: Նման մարդիկ նույնպես փորձում են ինչ-որ կերպ մտնել մեր եթեր:
-Պատահո՞ւմ է, որ բարեկամներից կամ ծանոթներից դիմեն Ձեզ բժշկական կոնսուլտացիա ստանալու նպատակով:
-Օրական հարյուր անգամ, եթե գործերս թողնեմ ու միայն այդ հեռախոսազանգերին պատասխանեմ, օրս կվերջանա: Հաճախ ինձ ասում են, որ վախեցնում եմ իրենց, բայց ես էլ տվյալ խնդիրը դիտարկում եմ հնարավոր բարդություններով եւ ուղղորդում նրանց տվյալ մասնագետի մոտ: Ցավում եմ, բայց մեր բժշկության մեջ հաճախ անիմաստ ու անհիմն հետազոտություններ են նշանակում ու վերջում էլ չեն գտնում իրական պատճառը` ստեղծելով ավելի լուրջ խնդիրներ:
-Հաղորդումը ծառայո՞ւմ է անապահով մարդկանց օգնելուն:
-Իհարկե, նույնիսկ թվացյալ վճարունակ խավը հաճախ չի կարողանում բժշկի դիմել, չմոռանանք, որ այսօր շատ բան մասնավոր սեկտորի ձեռքերում է: Հետեւաբար, երբ մեզ դիմում են, հասկանում ենք, որ մենք էլ այս ժողովրդի մի մասնիկն ենք եւ շատ լավ գիտակցում ենք այն խնդիրները, որ ցանկացած քաղաքացի կամ մարդ կարող է ունենալ: Ինչով կարողանում ենք, օգնում ենք:
-Համագործակցո՞ւմ եք առողջապահության նախարարության հետ:
-Անշուշտ համագործակցում ենք: Առողջապահության նախարարությունն այն իշխանական կառույցներից է, որ դրական գործունեություն ծավալում է, ինչքան էլ փորձում ենք քննադատել:
-Աշխատանքից դուրս ի՞նչ այլ նախասիրություններ ունեք:
-Աշխատանքից դուրս շատ ազատ ժամանակ չեմ ունենում, որ որեւէ բանով զբաղվեմ: Երբ ԶԼՄ-ի ներկայացուցիչ ես, պետք է պարտադիր ինքդ քեզ վրա աշխատես:
-Անձնականի մասին ի՞նչ կասեք:
-Ամուսնացած չեմ, չեմ էլ եղել, մինչ օրս սպասում եմ մաքուր հարաբերությունների, փոխադարձ սիրո ու հարգանքի:

 ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս