ՀԱԿԱԱՌԵՎԱՆԳԻՉ ԿՏՈՐ
Գիտնականները հնարել են հատուկ կտոր, որը գողերին թույլ չի տա գողանալ ավտոմեքենան: Հակաառեւանգիչ կտորը բաղկացած է հոսանք հաղորդող թելերի ցանցից: Թելերը միացված են միկրոհսկիչին, որը կտորը վնասելու դեպքում անմիջապես սեփականատիրոջը նախազգուշացնում է մեքենայի առեւանգման մասին: Կտորը բոլորովին անվնաս է մարդկանց եւ կենդանիների համար, քանի որ նրա հաղորդած հոսանքը շատ թույլ է: Հետաքրքիրն այն է, որ հակաառեւանգման կտորն ավելի էժան է, քան պահպանման ցանկացած ազդանշան:
ՍԵՓԱԿԱՆ ԿՆՈՋԸ
«Ֆինլանդիայում ինտերնետ-աճուրդի մասնակիցներից մեկը աճուրդի է հանել սեփական կնոջը: Վանտա քաղաքի բնակիչը բավական համեստ մեկնարկային գին է նշել կնոջ համար` ընդամենը 5 եվրո, եւ բացատրել, որ վաճառում է կնոջը, քանի որ նա «անտանելի է»: Գնորդներին կոպիտ ձեւով առաջարկ է արվել որքան հնարավոր է շուտ կնոջը տանել հենց տնից»,-գրում է itar-tass-ը: Ընդ որում, ամուսինը հաճոյախոսել եւ «հրաշալի» է որակել կնոջ բարեմասնությունները: Հաշվված ժամերի ընթացքում մեկնարկային 5 եվրոն հասել է 100 հազարի: Այս սահմանին էլ աճուրդը կանգնեցվել է, եւ համացանցից հանվել հայտարարությունը:
ՓՐԿԵԼ Է
Սանկտ-Պետերբուրգ-Մուրմանսկ ավտոճանապարհին կինը փրկել է «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ուղեւորների կյանքը: Ճանապարհին միկրոավտոբուսի վարորդն իրեն վատ է զգացել: Նա միայն հասցրել է ասել մեկ բառ՝ քշի՛ր, որից հետո կորցրել է գիտակցությունը: Սակայն ուղեւորուհիներից մեկը, չկորցնելով իրեն, կարողացել է հանել ընթացքի մեջ գտնվող մեքենայի բանալին եւ մի քանի հարյուր մետր կառավարել երթուղայինը, մինչեւ այն չի կանգնել՝ այդպիսով փրկելով ուղեւորների կյանքը: Այնուհետ նա շտապօգնություն եւ ոստիկանություն է կանչել: Սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել:
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Բուրյատիի Հանրապետությունում հերթապահություն իրականացնող ոստիկանը բաժանմունք վերադառնալու ճանապարհին Տյուլենինի անվան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա ու նրան տեղափոխել հիվանդանոց: Պարզելով, որ երեխան գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել, 32-ամյա ոստիկանը գնացել է անտառ ու ծառայողական զենքով վերջ տվել իր կյանքին: