10 տարի առաջ Վարդենիսում սպանված 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի հայրը` Աղաբեկ Սարգսյանը, արդեն 3 օր է` գտնվում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում:
Բաժանմունքից Armlur.am-ին հայտնեցին, որ Ա. Սարգսյանի վիճակը ծանր է, սակայն ինքնազգացողության հետ կապված դրական տեղաշաժեր նկատվում են: Նա աղիքների վիրահատություն է տարել և խրոնիկ երիկամային անբավարարվածություն ունի:
Armlur.am-ի հետ զրույցում Աղաբեկ Սարգսյանի կինը վրդովված ասաց, թե հույս չունի, որ ամուսինը կապրի, իսկ կատարվածի մեջ մեղադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանին` վերջինիս հասցեին անվայել խոսքեր ասելով:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դրանցից մեկը վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի գանգատին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործին, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ:
Այս գործով փաստաբանի հարցազրույցները զայրացրել էին սպանված անչափահաս աղջկա հարազատներին, և նրանք հեռախոսազանգերի միջոցով սպառնացել են Սեդա Սաֆարյանին: Սրանից հետո Ս. Սաֆարյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին: Իսկ Աղաբեկ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ իսկապես սպառնացել է փաստաբանին` ասելով, թե նա պախարակում է իր մահացած դստեր հիշատակը:
Ավելի վաղ հայտնել էինք, նաև 16-ամյա դեռահասի դին հայտնաբերվել էր սպանությունից 8 օր անց գյուղի հորերից մեկում: Այն ժամանակ վարկածներ էին շրջանառվում, թե աղջկան սպանելուց առաջ սեռական բռնության են ենթարկել, սակայն դատաբժշկական փորձաքննությունները հերքել են վարկածը: