Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության միջոցառուներին մասնակցելու նպատակով Հայաստանում կլինեն 4 պետությունների նախագահներ: Այդ պետություններն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կիպրոսն ու Սերբիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինիս փոխանցմամբ` Կիպրոսի նախագահից բացի այդ երկիրը ներկայացնելու է նաև խորհրդարանի ղեկավարը: Խոսելով ԵՏՄ անդամ երկրների ներկայության մասի` Վ. Սարգսյանը նշեց, որ Ղազախստանում այդ օրը նախագահական ընտրություններ են, և մենք այդ երկրից պատվիրակություն չենք սպասում: Իսկ Բելառուսից կլինի պետական պատվիրակություն, սակայն ինչ մակարդակով` դեռևս հայտնի չէ:
Ընդհանուր պատվիրակների թիվը 60-ից անցնում է, և ներկայացվելու են տարբեր մակարդակներով` նախարարներ, խորհրդարանի ներկայացուցիչներ և այլն:
«Հայտնի է, որ Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին մասնակցելու է հիշատակի միջոցառման Բեռլինում: «Սուրբ Աթոռը ներկայացված է լինելու կարդինալների, այսինքն նախարարական մակարդակով: Չեխիայի նախագահը նշել է, որ այդ օրը ինքը հանդիպում է ունենալու Վատիկանում, ուստի չի կարող մասնակցել Երեւանում կայանալիք միջոցառումներին», – հավելեց Սարգսյանը: