«Ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր. Դատախազությունն արձագանքում է ԿԲ-ի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի տարածած նախազգուշացումն այն մասին, որ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են հնարավոր զեղծարարության տարրեր, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի գործունեության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ՀՀ ԿԲ-ի հայտարարությունում և ԶԼՄ-ների հրապարակումներում նշված հանգամանքները ստուգելու և նյութեր նախապատրաստելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է վերը նշված Կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ Կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել Կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20% – 30%-ի չափով:

Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության»:




Լրահոս