«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» խորագրով ֆորումը կունենա 600 մասնակիցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-23-ը Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողովը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա հայտնեց, որ միջազգային այս ֆորումին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 600 մասնակիցներ, տեղի կունենան հարցազրույցներ ու երկկողմ հանդիպումներ։

«Ֆորումի նպատակն է՝ լրացնել ու նպաստել այս ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների իրականացմանը՝ քննարկման առարկա դարձնելով միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում կանխարգելման մեխանիզմների զարգացումը՝ իսպառ բացառելու 1915թ-ի ու դրան հետևած՝ աշխարհի տարբեր ծայրերում նմանօրինակ զազրելի հանցագործությունների կրկնությունը»,-նշեց  նա։

Անդրադառնալով ֆորումի անցկացման ձևաչափին` փոխնախարարը տեղեկացրեց, որ ֆորումի բացումը կկատարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ակնկալում ենք, որ իրենց մասնակցությունը կբերեն և ելույթներով հանդես կգան ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, արտաքին գործերի նախարարը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ։ Ակնկալում ենք, որ ֆորումին կմասնակցեն օտարերկրա բարձրաստիճան դիվանագետներ, խորհրդարանականներ, միջխորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի միջազգային մասնագետներ, ցեղասպանագիտության միջազգային կենտրոնների պատվիրակներ»,-հավելեց նա։

Իսկ ապրիլի 23-ին տեղի կունենա ֆորումի լիագումար նիստը՝ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» թեմայով, որի ժամանակ ելույթներով հանդես կգան տարբեր խորհրդարանների պատվիրակություններ, որոնք համապատասխան հայտարարություններով բանաձևերով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։




Լրահոս