Կառավարության երեկվա նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հարկահավաքության խնդրին, ասել է. «Տեղյակ եք, որ հանրապետության նախագահը հանձնարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, եւ նախարարներն այսուհետ դրա համար պատասխանատվություն են կրելու։ Դա ենթադրում է, որ բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրավիճակին` ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը կոնկրետ իր ոլորտում, եւ ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները»:
Ինչ խոսք, Տիգրան Սարգսյանի հայտարարությունների վրա վաղուց արդեն ոչ ոք չի զարմանում, սակայն չարձանագրել երկրի վարչապետի պաշտոնը համառորեն զբաղեցնող պաշտոնյայի հերթական զավեշտալի ինքնախոստովանությունը՝ ուղղակի հնարավոր չէ: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Փաստորեն, վարչապետն արձանագրում է, որ մինչ այդ իր կաբինետի անդամները չէին տիրապետում իրավիճակին եւ հիմա ստիպված են դա անել, քանի որ նախագա՞հն է հանձնարարել: Այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված ինքը` պարոն վարչապետը: Բացի, իհարկե, տարատեսակ ռազմավարություններ մշակելուց, Տաղավար տոները հարգելուց եւ անվե՜րջ ցավելուց: Երեկ էլ նա հերթական անգամ «ցավել» է, որ երկրի հարկային մարմինների նկատմամբ միջնորդություններ են իրականացվում, եւ դրանք բացառելու համար հանձն է առել բացառապես անձամբ կատարել այդ միջնորդությունը. «Մենք պետք է բացառենք հարկային մարմինների նկատմամբ ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը, ցավոք, դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Ես իմ անձնական հսկողության տակ եմ պահելու այս խնդիրը։ Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ հարկերի հավաքումը պատասխանատու գործառույթ է եւ ոչ միայն Պետեկամուտների կոմիտեի, այլեւ կառավարության բոլոր անդամների պատասխանատվության խնդիրն է»։
Փաստորեն, Տիգրան Սարգսյանը բացահայտ ասում է, որ Պետեկամուտների կոմիտեում «ատկատային ամենաթողություն» է, սակայն քանի որ նախագահը դեռեւս չի ասել՝ Տիգրա՛ն, Գագոն սիրուն չէ, վարչապետն առայժմ բավարարվում է ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործունեությունն անձամբ վերահսկելով: Դրանով, ի դեպ, վերջապես իրականացնելով «տամոժնի Գագոյի» հետ հաշիվները մաքրելու իր վաղեմի երազանքը: Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել վարչապետի «զարհուրանքի» նոր դրսեւորումների` այս անգամ արդեն հարկային մարմինների գործունեության հետ կապված, որը, պարզվեց, «ոչ միայն ՊԵԿ-ի, այլեւ կառավարության բոլոր անդամների պատասխանատվության խնդիրն է»: Հետաքրքիր է, իսկ բացի շոկոլադի ներկրումից, կապի ոլորտից ու տաքսի ծառայություններից, է՞լ ինչը միայն Պետեկամուտների կոմիտեի պատասխանատվության խնդիրը չէ: