Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հրամանագրի համաձայն, որոշվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաեւ 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: