2012-ի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 587.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 589.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.1%‑ով և 82.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.5%-ով կամ 35.7 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 553.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են իննամսյա ծրագրի 88.2% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8.1%‑ով կամ 41.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%‑ով կամ 22.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 546.9 մլրդ դրամ` 84.7%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.1%-ով կամ 36.4 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 1.2 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված շուրջ 57.4 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -25.0 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 26.2 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից շուրջ 26 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից իննամսյա ծրագրով նախատեսված 63.0 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 27.2 մլրդ դրամով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 




Լրահոս