
Արտասահմանում ՀԱԿ-ի ներկայացուցչի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գաղտնի հանդիպման մասին տեղեկատվությունը լրագրողների հորինածն է: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀԱԿ-ի խորհրդարանականն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ Կոնգրեսը այս կամ այն կուսակցության հետ հանդիպումներ անցկացնելիս խնդիրներ չունի եւ դա արտասահմանում անելու անհրաժեշտությունը չկա. “Դա պարզապես հեքիաթ է: Մենք ոչ մի բարդույթ չունենք, ոչ մի խանգարող հանգամանք չկա, եւ կարող ենք հանդիպել ցանկացած կուսակցության ներկայացուցչի կամ առաջնորդի, նույնիսկ` Սերժ Սարգսյանի հետ, թեեւ նման ցանկություն մեզնից ոչ մեկի մեջ չի ծնվել եւ կարծում եմ երբեք չի էլ ծնվի”: Լրագրողների հարցին, թե արդյոք Լեւոն Տեր Պետրոսյանը Հայաստանում է, Մանուկյանը պատասխանել է, որ առաջին նախագահին հանդիպել է երկու օր առաջ, եւ նա երկրում էր: