ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը. «Ես կողմ եմ քվեարկել: Եւ դա եղել է իմ որոշումը»: Իհարկե, դրանում որեւէ արտառոց բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեց՝ Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել 6 հոգի, շատ ՀՀԿ-ականներ մտածում էին, թե նրանցից մեկն էլ Սեդրակյանն է: Իսկ այդպես մտածելու պատճառն էլ այն էր, որ այս պատգամավորը համարվում է «գողական օրենքները հարգող», «ճշտին նվիրված» անձնավորություն, որի սկզբունքների մեջ չի մտնում այս կամ այն մարդուն իրավապահներին հանձնելը: Այնինչ Սեդրակյանն անձամբ է որոշել իր գործընկերներին հանձնել իրավապահներին: Նշենք, որ ՀՀԿ-ականներից երեկ քվեարկությանը չմասնակցեցին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանն ու Արկադի Համբարձումյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ