
Գերմանական պարբերականներն անդրադարձել են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին` «Պադերբորն»-ի դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման շրջանակներում։
Այդ խաղում հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Kicker-ը «Բորուսիա-ի» կազմում ամենաբարձրը գնահատել է հենց Մխիթարյանի խաղը՝ 2։ Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև տուրի խորհրդանշական հավաքականում։
Bild-ը ևս Մխիթարյանի խաղը գնահատել է 2-ով։ Նույն գնահատականն են ստացել նաեւ Մարսել Շմելցերը, Մատիաս Գինտերը, Սինձի Կագավան և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ Իսկ Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Մխիթարյանին ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող։