Կիևն ուղղակի չի ցանկանում բարկացնել Ադրբեջանին և Թուրքիային. Ուկրաինացի քաղաքագետը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում ՀՀ  դեսպան Անդրանիկ Մանուկյանն օրեր առաջ Կիևում հույս էր հայտնել, որ Ուկրաինան` որպես եղբայրական երկիր, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան` տեսակետներ հնչեցին, թե դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը Ղրիմը ճանաչի որպես օկուպացված տարածք: Այս հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց «Россия сегодня» ինֆորմացիոն տեղեկատվական գործակալության մեկնաբան, ուկրաինացի քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոյի հետ:

–  Պարո´ն Իշչենկո, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը Կիևում հույս էր հայտնել, որ Ուկրաինան` որպես եղբայրական երկիր, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչն է խանգարում Ուկրաինային ճանաչել ցեղասպանությունը, այն էլ հիմա, երբ նշվում է 100-ամյակը:

– Ես կարծում եմ, որ Ուկրաինայի ղեկավարությունը հաշվի է առնում առաջին հերթին այն, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է: Հաշվի առնենք, որ Ուկրաինան ավանդաբար հակառուսական քաղաքականություն է վարում: Ուկրաինան մշտապես փորձում է Թուրքիայից թույլտվություն ստանալ նավթի և գազի ստացման համար,  բացի այդ` փորձում է նաև համոզել Անկարային, որ վերջինս սահմանափակի նավթա-գազային համագործակցությունը Ռուսաստանի հետ:  Իսկ Ադրբեջանից էլ Ուկրաինան մշտապես փորձում է ստանալ գազի և նավթի մատակարարում: Կիևն ուղղակի չի ցանկանում բարկացնել նրանց: Այլ  տրամաբանական բացատրություն ես չունեմ:

– Շատ է խոսվում, որ Ուկրաինայի վերաբերմունքն առաջին հերթին կապ ունի Գոլոդոմորի և Ղրիմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հետ: Դուք է՞լ եք այդպես կարծում: 

– Չեմ կարծում, որ Ցեղասպանության ճանաչմանը խանգարում են Գոլոդոմորի և Ղրիմի հարցերը: Ուկրաինայի ղեկավարությունը հրաժարվում էր ճանաչել Ցեղասպանությունը նաև մինչ Ղրիմի իրադարձությունները: Ուղղակի Ուկրաինայի հետաքրքրությունները Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ առավել զգալի են, քան` Հայաստանի:  Հետևաբար, Կիևը ձեռնպահ է մնում այնպիսի քայլերից, որոնք կարող են նրան զգալի կորուստներ բերել` փոխարենը չխոստանալով ոչ մի էական դիվիդենտներ:

– Թուրքիան ի՞նչ դեր է կատարում Ուկրաինայի համար:

–  Թուրքիան հանդիսանում է էներգետիկ նախագծերի իրականացման հիմնական օղակը: Ընդ որում, ինչպես այն ծրագրերում, որոնք թույլ կտան Ռուսաստանին շրջանցել Ուկրաինային, այնպես էլ այն ծրագրերում, որոնք թույլ կտան Ուկրաինային ստանալ էներգիա` շրջանցելով Ռուսաստանը:  Սա առաջին հերթին անհրաժեշտ է այն պատճառով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում ընկերանալ Ռուսաստանի հետ, այլ հակառակը` ծրագրում է հետագայում էլ ավելի վատթարացնել դրանք: Եվ այս դեպքում Թուրքիան բավական կարևոր է: Ես, իհարկե, չեմ կարծում, թե Հայոց ցեղասպանությունը չճանաչելը Թուրքիայի հետ հարաբերություններում կբարելավի Ուկրաինայի դիրքերը: Անկարայի համար Մոսկվան ավելի կարևոր է, քան Կիևը: Սակայն ուկրաինական իշխանությունները գոնե ձգտում են չվատացնել Անկարայի հետ հարաբերությունները:

– Իսկ ըստ ձեզ` ո՞րն է պատճառը, որ ցեղասպանությունը ճանաչում են այնպիսի երկրներ, որոնք այդպիսի ողբերգություն չեն ապրել, իսկ, օրինակ, Իսրայելը, զգուշավոր է մոտենում այս հարցին:

– Յուրաքանչյուր պետություն նման դեպքերի ճանաչման դեպքում ոչ այնքան  ելնում է իրականությունից, որքան իր քաղաքական (ներքին և արտաքին) հետաքրքրություններից: Այդ պատճառով Ցեղասպանությունը ճանաչում են կամ երկրներ, որտեղ կան մեծ և ուժեղ հայկական համայնքներ, ինչպիսին, օրինակ Ֆրանսիայում է, կամ էլ այնպիսիները, որոնք հեռու են այդ խնդրից և ներկայացված չեն այդ տարածաշրջանում, օրինակ` Ավստրալիան: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այնտեղ ընդհանրապես չեն սիրում ուրիշների ցեղասպանությունները, որոնք կարող են ուշադրությունը մասամբ շեղել Հոլոքոստից: Մի խոսքով` քաղաքականությունում ոչ թե ելնում են արդարությունից, այլ շարժվում են հաշվարկներով և անձնական հետաքրքրություններով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս