ՄՆԱՑ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՄԱՆԴԱԿՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ զրկվեց անձեռնմխելիությունից. ՀՀԿ-ՕԵԿ զույգը փակ-գաղտնի քվեարկությամբ իր համաձայնությունը տվեց Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամում իբր փողերի լվացման կապակցությամբ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը: Այդ հարցի վերաբերյալ կողմ էր քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 6, եւս 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:
Ինչպես եւ սպասվում էր, ընդդիմադիր խմբակցությունները երեկ բոյկոտեցին այս քվեարկությունը. ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ժառանգություն»-ը եւ ո՛չ էլ ՀՅԴ-ն չմասնակցեցին դրան:  «Նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այն անձն է, ում անվան հետ կապում են Հայաստանում տեղի ունեցած բոլոր հակաօրինական հետապնդումները, շինծու քրեական գործերի ու մեղադրանքների հարուցումը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի տապալումը, մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտման եւ մեղավորների պարտակման փաստը, ՀԱԿ-ը որեւէ վստահություն չի տածում դատախազի պրոֆեսիոնալ որակների նկատմամբ»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Իսկ ԲՀԿ-ն բոյկոտեց ոչ միայն իր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը, այլեւ ԱԺ նիստն ընդհանրապես. ԲՀԿ-ականները նույնիսկ խորհրդարանի շենք չէին եկել: ԱԺ-ում էին միայն Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաճյանը, Ստեփան Մարգարյանն ու Գուրգեն Արսենյանը, որոնք եկել էին քվեարկության ընթացքին հետեւելու եւ այնտեղ ապօրինություններ թույլ չտալու համար:
Ուշագրավ էր հատկապես քվեարկության գործընթացը. կարծես իշխանությունները որոշել են անխնա ոչնչացնել անգամ իրենց կողմնակիցներին՝ վարկաբեկելով ու անհարմար դրության մեջ դնելով նրանց: Այս առումով պատահական չէ, որ Օսկանյանին «հանձնելու» որոշմանն առաջինը քվեարկեցին երիտհանրապետականները Կարեն Ավագյանի ու Նաիրա Կարապետյանի գլխավորությամբ: Նրանցից հետ չմնացին ՀՀԿ նորընտիր կանայք, որոնք առաջինների շարքում ցուցադրաբար մոտեցան՝ քվեարկելու եւ այդպես հերթական անգամ իրենց հավատարմությունը հայտնելու համար: Քվեարկության վերջին մասնակիցն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր: Լրագրողների հետ ճեպազրույցում նա չհամաձայնեց դիտարկմանը, թե այսպես ԱԺ-ն հանձնում է իր գործընկերոջը: «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է՝ մեղավորները պատժվելու են: Եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, պատասխան են տալու այն մարմինները, որոնք այս գործընթացը սկսել են: Վստահեցնում եմ՝ այդ դեպքում անպայման հետեւանքներ կլինեն»,-նախազգուշացրեց Հ. Աբրահամյանը:
Ի դեպ, 6 դեմ քվեն երեկ անակնկալի էր բերել ՀՀԿ-ին. քվեարկության արդյունքների ամփոփումից հետո ՀՀԿ-ի ներսում արդեն քննարկվում էր, թե ովքեր են եղել դեմ քվեարկողները: Որպես հիմնական «կասկածյալ»՝ այս գործով շրջանառվում էին Ռոբերտ Քոչարյանի թիմի, նրա օրոք պաշտոն զբաղեցրած անձանց անունները:
Եւս մեկ ուշագրավ փաստ. ՀՀԿ-ականներից երեկ քվեարկությանը չմասնակցեցին Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանն ու Արկադի Համբարձումյանը:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս