Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, հնարավոր է, տեղի ունենան հունիսի 7-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին: ՀՀ Կառավարությունը նախատեսում է վաղը կայանալիք նիստում որոշում կայացնել Աբովյանի՝ այլեւս նախկին քաղաքապետի՝ Կարապետ Գուլոյանի լիազորությունների դադարած լինելու եւ քառասունօրյա ժամկետում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

ՀՀ օրենսդրության, ինչպես նաեւ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանման պայմաններում, ստացվում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները պետք է նշանակվեն հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու պատրաստակամության մասին են հայտարարել ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը, գործարար Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Վերջինս Ծառուկյանի սանիկն է, բայց մի քանի տարի է՝ նրանց հարաբերությունները խիստ լարված են: Այս ընտրությունների կազմակերպման համար Կառավարությունը պետբյուջեից կհատկացնի 20 մլն 266 հազ. դրամ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս