«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք` ճի՞շտ են լուրերը, թե շուտով ինքը լքելու է դաշինքը: Սարգսյանը պատասխանեց. «Այո, լքելու եմ և մինչև ապրիլի 24-ը կամ դրանից հետո հայտարարություն կտամ, որտեղ պատճառը գրված կլինի, կարող եմ միայն ասել, որ անդամների հետ վիճաբանություն չի եղել, մենք միայն բանավիճում ենք»:
Ազատամարտիկների դաշինքից մեզ ասացին, որ Սուրեն Սարգսյանն իր դուրս գալու մասին դեռ չի տեղեկացրել, այդ հարցը չի քննարկել դաշինքի անդամների հետ, ուղղակի զանգահարել է տղաներից մեկին, ասել, որ դուրս է գալիս և դուրս գալու պատճառների մասին լրատվամիջոցներով հայտարարություն կտարածի:
«Նա մեզ հետ իր դուրս գալու պատճառների մասին չի քննարկել, գուցե լինեին հարցեր, որտեղ իրոք մենք սխալ կլինեինք, իսկ ինքը՝ ճիշտ, և հարցը լուծվեր: Մենք մի սկզբունք ունենք, որ եթե որևէ մեկը միտում ունի դաշինքից դուրս գալու, պետք է հիմնավորի, թե ինչի համար է դուրս գալիս: Սուրենը խոսել է մեր ընկերներից մեկի հետ, ասելով, որ ցանկանում է դուրս գալ, և պատճառը եռյակի փլուզումն է: Եռյակի փլուզումից հետո անհասկանալի պատճառներով չի մասնակցում դաշինքի նիստերին, որը յուրաքանչյուր չորեքշաբթի է գումարվում, և ամենամսյա խորհրդի նիստին:
Դաշինքը, անկախ եռյակից, անկախ քաղաքական ձևաչափից, գործել է և գործում է մինչ այսօր, ի տարբերություն Սուրեն Սարգսյանի, դաշինքը եռյակի փլուզումից հետո ավելի ընդլայնվել է, որովհետև մարդիկ կային, ովքեր կասկածում էին, որ դաշինքն ինչ-որ մեկին է պատկանում՝ մասնավորապես «Բարգավաճ Հայաստանին»: Նրանք համոզվեցին, որ նմանատիպ խնդիրներ չկան, և դաշինքում ազնվագույն տղերք են, բառիս բուն իմաստով, ովքեր որ պատերազմ են անցել և այս երկրի անվտանգության ջատագովներն են»,-ասաց Ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: