«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդ Արտյոմ Թորոսյանի հոր՝ Գերասի Թորոսյանի հետ: Նա ասաց, թե դեռ վաղ է որեւէ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնելը, առայժմ սպասում է քննության ավարտին:
Ո՞րն էր վթարի պատճառը, արդյո՞ք ժամկետային զինծառայողը վարորդի ոչ բավարար հմտություն է ունեցել, թե՞ մեքենան է եղել անսարք վիճակում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը՝ Գերասի Թորոսյանը, պատմեց, որ իր որդին 6-րդ դասարանից վարորդ է եղել եւ լավ տիրապետել է վարորդական հմտություններին. «Բանակ գնալու առաջին օրից վարորդ է եղել, եւ որեւէ խնդիր չէր կարող առաջանալ իր հմտությունների մասով»: Իսկ ի՞նչ տեսակի վարորդական իրավունք ուներ մահացած 20-ամյա զինվորը: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայրը պատասխանեց. «Որդիս ուներ B, C, եւ եթե չեմ սխալվում՝ D կարգի վարորդական իրավունք, բայց դա հստակ չեմ հիշում: Մի խոսքով, իրեն օրենքով հասնում էր այդ տեսակի մեքենա վարելը»:
Ըստ հոր` իրեն պատմել են, թե վթարի պատճառը մեքենային ամրակցված հրանոթն է եղել. «Տղաները հոկտեմբերյան զորավարժությունների են եղել: Իրենց ավտոմեքենային ամրակցված է եղել հրանոթ, եւ այն ճանապարհին պոկվել է մեքենայից ու իր ծանրությամբ քաշել է ավտոմեքենան՝ գցելով ձորը»:
Ըստ ՀՀ «Ճանապարհային երթեւեկության կանոնների մասին» օրենքի՝ հրանոթով ամրակցված բեռնատար «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա վարելու համար անհրաժեշտ է ունենալ E կարգի վարորդական իրավունք: Իսկ ունեցել է արդյո՞ք այս կարգը մահացած զինծառայողը, թե ոչ, կպարզի ՀՀ քննչական կոմիտեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: