Հայերս հարեւան վրացիների մասին սիրում ենք զանազան անեկդոտներ պատմել՝ նրանց ներկայացնելով «դմբո» ազգ: Մի կողմից այդ անեկդոտներն ենք պատմում, մյուս կողմից, երբ խոսում ենք երկրում օրենքի գերակայության, կոռուպցիայի բացակայության, ժողովրդավարության ու այլ դրական երեւույթների մասին, որպես օրինակ հիշատակում ենք հենց Վրաստանը: Իսկ այնտեղ կայացած ԱԺ ընտրություններից հետո Վրաստանի մասին արդեն խոսում ենք ինչպես անհաս երազ:
Հիշեցնենք, որ 1990-ականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Հայաստանը համարվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ: Հիմա առաջվանը չէ: Հարավային Կովկասի ժողովրդավարության կղզյակի համբավը Վրաստանինն է: Ինչպես հայտնի է՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը: Երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է ընդդիմությանը՝ ասելով, թե ինքը՝ որպես «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, դառնում է ընդդիմություն: Իսկ մինչ այդ, Սահակաշվիլին պատրաստակամություն է հայտնել աջակցել խորհրդարանին՝ աշխատանքները սկսելու, նոր նախագահ ընտրելու եւ նոր կառավարություն ձեւավորելու գործում:
Այս թեման երեկ դարձել էր ՀՀ ԱԺ-ում ամենաքննարկվողը՝ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցից հետո: ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը համեմատականներ անցկացրեց երկու երկրների միջեւ, հիշեցրեց, որ ԱԺ դահլիճում նստածներից շատերը ժամանակին ծիծաղում էի Վրաստանի նախագահի վրա՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ փողկապն ուտելու համար: «Բայց նա ստեղծել է մի երկիր, ուր ընդդիմությունը կարող է հաղթել: Իսկ մեր երկրում ընդդիմությանը հանձնում են դատարանների ձեռքը բոլորովին անհիմն ձեւով: Նա իրենց երկիրն է, սա էլ մեր, թե ինչու պետք է մենք իրենց նախանձենք, ես դա չեմ հասկանում: Թե՞ Ձեզ թվում է, որ վրացի գյուղացին ավելի լավ է ապրում, քան հայը: Սխալվում եք, ընտրակաշառք չեն վերցնում, որովհետեւ չեն տալիս, որովհետեւ դուք չեք այնտեղ իշխանության»,-ասաց Հովհաննիսյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ իր ելույթում շնորհավորեց այդ առթիվ, իսկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե Վրաստանում առաջին հերթին հաղթել է քաղաքացին: «Վրաստանի քաղաքական ուժերն այնքան հասուն են, որ իրար ձեռք սեղմեցին պարտությունն ու հաղթանակն ընդունելու համար,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով,-սա Հարավային Կովկասի ժողովրդավարացման համար լրջագույն առաջընթաց է: Վրաստանը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության կենտրոն»:
Շատերը կհիշեն, թե Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո Հայաստանում ափսոսանքի ինչ ալիք բարձրացավ, երբ քաղաքացիները տեսան, որ անարյուն ճանապարհով կարելի է հասնել իշխանության, պարզապես դրա համար պետք է համառ ու երկարատեւ պայքար մղել: Չի բացառվում, որ Վրաստանի ԱԺ ընտրությունների ժամանակ կատարվածն իր ազդեցությունն ունենա նաեւ առաջիկայում ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա:
Այնպես որ, վրացական ընդդիմության հաղթանակը հնարավոր է նաեւ տարածաշրջանում հանգեցնի որոշակի աշխարհաքաղաքական վերաբաժանումների՝ իր բոլոր հնարավոր հետեւանքներով: Առավել եւս, երբ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը սկսել է արեւմտամետ խաղեր տալ: Բանն այն է, որ ի տարբերություն Սահակաշվիլու, վրացական ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ամենեւին էլ հակառուսական տրամադրություններ չունի: Նրան դժվար է համարել միանգամայն ռուսամետ քաղաքական գործիչ, բայց փաստ է, որ նա ՌԴ իշխանությունների հանդեպ կտրուկ բացասական վերաբերմունք չունի: Ուստի հնարավոր է որոշակի մեղմացում ռուս-վրացական հարաբերություններում: Չի բացառվում նաեւ, որ ՌԴ-ն թեկուզ փոքր չափով, բայց վերականգնի իր ներկայությունը Վրաստանում:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Իվանիշվիլին արդեն հայտարարել է, թե Վրաստանը չի փոխի իր քաղաքական կուրսը, չի հրաժարվի ՆԱՏՕ-ին ու Եվրոպային ինտեգրվելու քաղաքականությունից: Բայց, ըստ նրա, որոշակի փոփոխություններ կլինեն՝ կապված Մաքսային միասնական միությանն անդամակցելու հարցում, արդյունքում՝ կհեշտանա նաեւ Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, քանի որ մինչեւ հիմա որպես խոչընդոտ դիտվում էր Վրաստանը:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿՂԶՅԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ