Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկա չի լինի ապրիլի 23-24-ը Երևանում կայանալիք հիշատակի միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին. հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ժամանակին Վրաստանի նախագահի անվամբ պաշտոնական հրավեր է ստացվել հայկական կողմից՝ ապրիլի 23-24 այցելել Երևան: Դիվանագիտական աղբյուրների միջոցով մեր հայ գործընկերներին տեղեկացվել է, որ հենց այդ ժամանակ է Վրաստանում պաշտոնական այցով լինելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, և նրան պետք է դիմավորի նախագահ Մարգվելաշվիլին»,-լրագրողներին ասել է Վրաստանի նախագահի` միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Ինչպես հայտնում է apsny.ge-ն, Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին կմասնակցի Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։
Վրաստանը նաև պաշտոնական պատվիրակություն կուղարկի Թուրքիա, որտեղ ապրիլի 24-ին նախատեսված են միջոցառումներ՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին: Վրացական պատվիրակությունը ղեկավարելու է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին