ԵԽԽՎ-ում իր աշխատանքներն է շարունակում երեկվանից մեկնարկած գարնանային նստաշրջանը, որի օրակարգում թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չեն, բայց մեր պատվիրակները օգտագործելով ելույթի իրենց իրավունքը` տարբեր ձևաչափերում ակտիվ կերպով բարձրացնում են Հայաստանին ու ԼՂ-ին առնչվող կարևորագույն հարցեր:
Ապրիլի 20-ին Ազատ քննարկման ձևաչափում ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ցեղասպանության ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման խնդրին: Նա իր ելույթում մասնավորապես նշել է.
«Ապրիլի 24-ին , աշխարհը, հայերիս հետ միասին, կոգեկոչի ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: «Գենոցիդ» բառը սակրալ նշանակություն է ձեռք բերել ոչ միայն ժառանգների համար այն քրիստոնյաների, որ 20-րդ դարասկզբին սպանվեցին Օսմանյան կայսրության տարածքում՝ իբրև երիտթուրքական կառավարության ծրագրված ու մանրամասն մշակված քաղաքականության իրագործում, այլև՝ ցեղասպանությունն իրագործածների: Այսօր թուրքերը՝ ընդդեմ հայոց ցեղասպանության ճանաչման առաջադրում են «Մեզ միացրեք, ոչ թե բաժանեք» կարգախոսը: Ճիշտ կարգախոս է, մենք էլ ենք համաձայն փոխըմբռնումի, մենք էլ դեմ ենք բաժանարար գծերի խորացմանը, բայց մենք ուզում ենք, որ այդ միասնականության հիմքում լինի իրականության ադեկվատ գնահատականն ու պատմական ճշմարտությունը, ոչ թե պատմության խեղաթյուրումն ու կեղծիքը: Ու դա հայերիս սուբյեկտիվ ցանկությունը չէ, դա քաղաքակիրթ աշխարհի օբյեկտիվ գնահատականն է:
Ապրիլի 12-ին Հռոմի սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը ասաց, որ անցյալ դարում մարդկությունը ապրել է երեք ողբերգություն, որոնցից առաջինը հայերի ցեղասպանությունն է: Հռոմի սրտում գտնվող սուրբ Պետրոս տաճարում կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների առաջին համատեղ պատարագն ապացուցեց, որ աշխարհում ոչ ամեն ինչ է գնվում ու վաճառվում:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկիրներ ճանաչել են հայերիս ցեղասպանությունն ու դատապարտել ցեղասպանության ժխտողականությունը : Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ, մարդկության ու մարդու կյանքի բնական իրավունքի դեմ: Առաջինը հայերն էին, երկրորդը՝ հրեաները: Ո՞վ է հաջորդը ցեղասպանված ազգերի ցանկում: Ցավոք, այս հարցը բազում պատասխաններ է ստացել առաջին ցեղասպանությունից հետո՝ ադեկվատ գնահատականի պակասի պատճառով:
21-րդ դարում ի հայտ եկած ահաբեկչությունը՝ «Իսլամական պետություն» անունով, այսօր ճիշտ նույն մեթոդներով է քառատում, գլխատում, ողջակիզում քրիստոնյաներին, պայթեցնում ու ոչնչացնում համաշխարհային մշակույթի հուշարձանները, ինչպես արել են երիտթուրքերը: «Իսլամական պետության» գոյությունն այսօր պատասխանն է այն հարցի, թե ինչու՞ պիտի դատապարտվի ոչ միայն գենոցիդը, այլև գենոցիդի ժխտողականությունը:
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդարանի ճնշող մեծամասնությամբ ընդունվեց բանաձև, որը ԵԽ-ում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի համատեղ փաստաթուղթն է: Եվրոպական խորհրդարանն ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պետք է լինի Եվրոպական միության գլխավոր առաջնահերթությունը: Մենք ողջունում ենք այս կարևոր և արդարացի որոշումը:
Նույն գործընթացն է նաև մեր Վեհաժողովում՝ ավելի քան 150 ԵԽԽՎ անդամներ միացել են միևնույն կոչերով փաստաթղթին՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» գրավոր հռչակագրին: Մենք ողջունում ենք մեր գործընկերներին, ովքեր միացել են հռչակագրին, և երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր ստորագրեն փաստաթղթի տակ:
Ո՞վ, եթե ոչ մենք, իբրև ժողովրդի ընտրյալներ ու ներկայացուցիչներ, պարտավոր ենք քաղաքակրթական արժեքները պաշտպանել՝ պաշտպանելով մարդու իրավունքները , հետևաբար և՝ մարդկության ապրելու իրավունքը»: