Սոֆիայում տեղի ունեցող ամենամյա «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» միջազգային խոշոր մրցաշարում վերջին տարիներին բավական հաջող են հանդես գալիս հունահռոմեական ոճի հայ ըմբիշները: Մասնավորապես անցյալ տարի մեր թիմի անդամների մեծ մասը հայրենիք վերադարձավ մեդալով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ այս տարվա ապրիլի 24-26-ը կայանալիք ամենամյա մրցաշարին հայ ըմբիշները նույնպես մարտական են տրամադրված:
Աշնանը ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի օլիմպիական վարկանիշային առաջնության նախապատրաստական փուլ համարվող մրցաշարին մեր ընտրանու գլխավոր մարզիչը հայտավորել է հետևյալ ըմբիշներին. 59 կգ՝ Նարեկ Խաչատրյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, Վարշամ Բորանյան, 80 կգ՝ Հրաչ Հովհաննիսյան, 85 կգ՝ Արթուր Շահինյան, Մաքսիմ Մանուկյան, 98 կգ՝ Արթուր Ալեքսանյան: Ջուլֆալակյանը նշեց նաև, որ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը այս մրցաշարը բաց է թողնում քթի վիրահատության, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը՝ վնասվածքի պատճառով:
Վարշամ Բորանյանն էլ քաշ չգցելու համար այս անգամ իր ուժերը կփորձարկի 75 կգ քաշային կարգում: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը տեղեկացրեց նաև, որ մայիսի 13-27-ը կայանալիք ծաղկաձորյան հավաքին մասնակցելու են նաև Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի 40-ից ավելի ըմբիշներ: Ի դեպ՝ դեռ վերջնական պատասխան չեն տվել հունգարացիները: Փոխարենը պարզ է, որ այդ ընթացքում ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Ծաղկաձորում հավաքի մեջ են լինելու նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները: