Չեխովի անվան դպրոցի տնօրենն «անպարտելի» է. աշակերտին նվաստացնելու և ծնողին ծեծելու համար պատիժ չի կրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկի մոր կողմից նույն դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում այս պատմությանը բազմիցս անդրադարձել է: 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհիներից մեկի մորը` Նատալյա Սարգսյանին: Վերջինս և դպրոցի տնօրենը մեկ մեկու դեմ հայցեր էին ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Նշված դատարանում այդ հայցերը մոտ մեկուկես տարի քննվելուց հետո, մերժվել էին: Նատալյա Սարգսյանն այս տարվա փետրվարի 6-ին բողոքարկել է վճիռը, բայց այստեղ էլ նա մերժում է ստացել:

Նկատենք, որ Գայանե Սարուխանյանը մշտապես հաղթում է իր դեմ ներկայացրած հայցերի գործերում: Իսկ պատճառը, ինչպես գիտենք, հարուստների երեխաների և թոռների դպրոցի տնօրեն լինելն է: Ցավալին, սակայն, այլ փաստ է. հենց նույն մեծահարուստների համար ավելի նպատակահարմար է, որ դպրոցը շարունակի տնօրինել իրենց «100 տարվա մարդը», քան նա հեռացվի աշխատանքից շարքային ծնողի իրավունքների պաշտպանության պատճառով:

Հիշեցնենք, որ ծնողի և դպրոցի տնօրենի միջև միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 2-ին: Դեպքի մանրամասները աշակերտուհի Լիդիայի մայրիկը` Նատալիա Սարգսյանը, ներկայացրել էր «Ժողովուրդ»-ին: Այսպես, ըստ Ն. Սարգսյանի, տնօրեն Սարուխանյանի հայտարարություններն ու հարցազրույցները ԶԼՄ-ներով վիրավորել և պատվազրկել են թե´ իր, թե´ անչափահաս դստեր արժանապատվությունը. «Սարուխանյանը հայտարարում է, թե ես մերկապարուհի եմ, ու իբր այդ մասին նրան պատմել եմ ես: Սակայն վստահեցնում եմ, որ դստերս աշակերտական տարիներին ես երբևէ նրա հետ իմ աշխատանքի մասին չեմ խոսել: Հայտարարում եմ, որ ես «պարուհի» չեմ հանդիսանում: Այդ օրը ես դպրոց եմ գնացել ԿԳՆ ներկայացուցիչների հետ, բոլոր ներկաներն էլ կարող են փաստել, որ գտնվել եմ ադեկվատ վիճակում, ինձ հանգիստ եմ պահել և չեմ գոռացել: Սակայն դպրոցի տնօրենը լրագրողներին հայտարարել է, թե ես ոչ ադեկվատ վիճակում են եղել, և ինձ անվանել է «անհասկանալի արտիստական» վիճակում գտնվող մարդ»:

Ծնողի այս մեկնաբանությանը հետևել են Գայանե Սարուխանյանի արդարացումներն ու հերթական վիրավորանքներն` ուղղված նույն ծնողին և անչափահաս դպրոցականին: Վերջինս, տնօրենի խոսքով, դպրոց է հաճախել աշակերտին ոչ հարիր հագուկապով, կեցվածքով:

Ստացվում է, որ պատվազրկվել է թե´ անչափահաս աղջնակը, թե´ նրա մայրը, իսկ տնօրենը շարունակում է պաշտոնավարել և վայելել հարուստ ծնողների ուշադրությունը:

Նշենք նաև, որ Գայանե Սարուխանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ է: Ինչպես նաև «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ:




Լրահոս