Ապրիլի 24-ին կցուցադրվեն բացառիկ և դաժան տեսաժապավեններ ցեղասպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողներին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում իրականացված աշխատանքները և նախատեսվող միջոցառումները:

Սուքիասյանը նշեց, որ դպրոցներում միջոցառումները շարունակվում են, հավաքվել է 400 հազար անմոռուկ, որը մարզերի դպրոցների աշակերտների պատրաստած անմոռուկների հետ միասին ապրիլի 24-ին կբաժանվի Ծիծեռնակաբերդում:

Քաղաքապետի տեղակալն ասաց, որ Ծիծեռնակաբերդի ճեմուղին բարեկարգվել է, տեղադրվել է 21 ցայտաղբյուր, որը կբացառի ճեմուղիում բացօթյա առևտուրը: Իսկ ծաղկավաճառներին կթույլատրվի ծաղիկ վաճառել Հալաբյան – Կիևյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի ստորգետնյա անցումում և Բարեկամության հրապարակից մինչև Օրբելի փողոցի անկյունում: Կլինեն նաև անվճար ծաղիկ բաժանող կազմակերպություններ, որոնց ևս թույլատվություն կտրվի: Սուքիասյանը տեղեկացրեց` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղադրվել է երկու սանհանգույց:

Վերջինիս խոսքով` դեպի հուշահամալիր տանող ճանապարհը ձայնաֆիկացվել է: «Այն, ինչ տեղի կունենա հուշահամալիրի տարածքում, զուգահեռաբար կլսվի ամբողջ ճեմուղիում: Կուզեի անդրադառնալ «Վերածնունդ» խորագրով Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառմանը, որտեղ տեսաշարեր են պատրաստված և կցուցադրվեն իրավամբ բացառիկ նյութեր, որոնք նոր են բերվել Հայաստան: Նույնիսկ մտածում էինք` արժե արդյոք դաժան տեսարանները ներկայացնել, բայց, հաշվի առնելով, որ ծրագիրը բաղկացած է 4 խորագրից, որոշեցինք «Հիշողություն» հատվածում դրանք ցուցադրել: Դրանք իսկապես բացառիկ տեսաժապավեններ են»,- շեշտեց քաղաքապետի տեղակալը:

Քաղաքային տրանսպորտի աշխատանքի հետ կապված` Ա. Սուքիասյանը նշեց` Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերը ժամը 1-ը, իսկ քաղաքի կենտրոնով չանցնող միկրոավտոբուսները բնականոն հունով կշարունակեն իրենց աշխատանքը:

Վերջում քաղաքապետի տեղակալը  ավելացրեց` քաղաքապետ Տարոն Մարգարյանը կընդունի Սանկտ Պետերբուրգի գուբերնատորին և Ամանի քաղաքապետին` իրենց պատվիրակություններով:




Լրահոս