Հռոմի պապի ուղերձից ու հատկապես ԵԽ բանաձևից հետո շատերը նշում են, որ հաջորդն ԱՄՆ-ից պետք է ակնկալել նման քայլ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի հնչեցման հնարավորության մասին Armlur.am-ը զրուցեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:
– Պարո´ն Քոքոբելյան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից այս տարի որևէ տարբերվող հայտարարություն սպասո՞ւմ եք:
– Կարծում եմ, որ իրատեսական չէ քաղաքական գործընթացներում: Իհարկե, լավ կլիներ, և օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը կա: Կարևոր է, որ բոլոր խոշոր գերտերությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Եվ դա ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլև ողջ քաղաքակիրթ հասարակության: Ես չեմ կարծում, որ այսօր այդ հանգուցալուծմանն ենք հասել, որ Ցեղասպանության հարցը ընդունվի և ճանաչվի ԱՄՆ-ի կողմից:
– Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ Բարաք Օբամային հիշեցնում են, որ եկել է սեփական խոստումները կատարելու ժամանակը: Ի վերջո, վերջինս հեռացող նախագահ է, հնարավո՞ր է` այս ամենը պատճառ հանդիսանա տարբերվող հայտարարությամբ հանդես գալու համար:
– Մեծ պետությունները, ցավոք սրտի, ոչ միայն պատմական և դառը ճշմարտությունն են հաշվի առնում, այլև առաջնորդվում են խիստ օբյեկտիվ շահերով: Այստեղ այնքան էլ էական չէ` 100-ամյակն է, թե 100-ամյակը չէ: Ես այդ կարծիքին չեմ, հաշված օրեր են մնացել և ենթադրում եմ, որ այլ տիպի միջոցառում կլինի, որը կտարբերվի նախորդներից:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան