ԻՆՉՈ՞Ւ ԲԵՐԴԵՐՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՓԱԿ ԺՈՂՈՎՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի պաշտոնանկությունից հետո նրա թեթեւ ձեռքով քաղաքական դաշտում սկսեցին շրջանառվել տարաբնույթ գաղտնի կառույցների անուններ, որոնց մասին հանրությունը մինչ այդ չէր լսել կամ լուրջ չէր ընդունել: Դրանից հետո ի հայտ եկավ ցուցակների թեման:
Եթե փորձենք հերթականությամբ վերլուծել, թե ինչը ինչպես կատարվեց, պիտի սկսենք թրերի պատմությունից: Նախ արտերկրի մամուլում արտահոսք եղավ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ինչ-որ ասպետական թրեր է պատվիրել, որոնք Հայաստանում օգտագործվել են ինչ-որ երդման արարողության ժամանակ (այս մասին «Ժողովուրդ»-ը գրել է): Ավելի ուշ Իսագուլյանն անձամբ ասաց, որ անհասկանալի մի կազմակերպության անդամներ իրեն հրավիրել են Ամբերդ ու Բջնի՝ զրույցի: Թե ինչ զրույց եւ ինչու Ամբերդում կամ Բջնիում, նա չգաղտնազերծեց՝ պատճառաբանելով, որ իրավասու չէ: Այնուհետեւ հրապարակավ ասաց, թե ինքը տեսել է Հայաստանի եւ Արցախի էլիտայի ներկայացուցիչների ցուցակը, որոնք ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դոլար են դուրս բերել Հայաստանից: Ովքեր են այդ ցուցակում կամ ովքեր են այն կազմել՝ դարձյալ գաղտնի է պահվում: Տրվեց միայն «Մհերի դուռ» անհայտ կազմակերպության անունը եւ վերջ:
Իսկ թե ինչպես է Իսագուլյանը մշտապես հայտնվում «ցուցակների պատմությունների» մեջ, դժվար է ասել. նա հավակնոտ մարդ է եւ ինտրիգների սիրահար: Բայց միաժամանակ փաստ է՝ երկար տարիներ մեր երկրի նախագահներին ինչ-որ խորհուրդներ տված այս գործիչը կարողանում է հայտնվել մութ պատմությունների կիզակետում:
Սակայն այս ամենի մեջ հետաքրքիրը Իսագուլյանի կողմից հիշատակված բերդերն են, որոնք վաղուց բոլորի կողմից մոռացված կլինեին, եթե չլիներ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Ա. Մարգարյանի միջոցներով ու հրահանգներով են վերանորոգել Բջնիի բերդը, Ամբերդը, անթագադիր թագավորի բերդ համարվող Սմբատաբերդն ու Թալինի Դաշտաբեմը: Նշենք, որ Մարգարյանի մահից հետո այդ շինությունների նորոգումը դադարեցվել է: Ու Իսպանիայից բերված սրերի վրա տրված երդումները, Հայաստանը թալանած իշխանիկների ցուցակները եւ էլի ինչ-որ անհասկանալի գործընթացներ հյուսվում են հենց այդ բերդերում:
Բայց դատելով «դռների» խորհրդանիշ ունեցող այդ կազմակերպության գործունեությունից, դրա անդամները չերեւացող իշխանության ներկայացուցիչներ են, որոնք ուղղակի առնչություն ունեն ուժային կառույցների հետ: Իսկ թե որն է նրանց նպատակը, ապագան ցույց կտա: «Ժողովուրդ»-ը կհետեւի այս պատմությանը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս