ՄԱՍՆԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 28-ի իր համարում (394) անդրադարձել էր Գյումրու տնակային Ավտոկայան թաղամասում տիրող իրավիճակին, որտեղ մեկ տարուց ավելի վնասված ջրագծից հոսող ջուրը լցվում է մարդկանց բակերը` քայքայելով առանց այդ էլ արդեն փտած տնակները: Թաղամասի բնակիչների խոսքով՝ այդ իրավիճակի պատճառը  Շիրակի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից թաղամասում նոր ջրագծերի անցկացման ընթացքում գործող ջրագծի վնասումն է: Մեր հնչեցրած ահազանգից հետո «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցները վնասված խողովակաշարի մի հատվածում թերությունները վերացրել էին, ինչը տեւել էր ընդամենը 15-20 րոպե:
Իսկ թե ինչու մինչ այս որեւէ կերպ չէին արձագանքել ավելի քան մեկամյա խնդրին, «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցները թաղամասի բնակիչ տիկին Մարգարիտային ասել էին, որ իրենք իրավիճակի հետ կապված հստակ տեղեկություն չեն ունեցել: Նման պատասխանը զայրացրել է տիկին Մարգարիտային, որը  «Ջրմուղ»-ի աշխատակիցներին ասել է. «Եթե մենք չբողոքեինք, դուք հաստատ ուշադրություն չէիք դարձնի, ու չգիտեմ, թե ինչքան ժամանակ նորից ջուրը կհոսեր տնակիս տակով»:
Նշել էինք, որ տնակային թաղամասի տվյալ հատվածում ջրագծի վերանորոգման համար անհրաժեշտ էր քանդել 4 անչափահաս երեխաների մայր տիկին Մարգարիտայի տնակը, համենայնդեպս, «Ջրմուղ-կոյուղի» դիմած բնակիչներին այդպես էին ասել: Սակայն խնդիրն այսօր վերացվել է առանց տնակը քանդելու:
Չնայած Շիրակի «Ջրմուղ-կոյուղու» արագ արձագանքին, այդուամենայնիվ, խնդիրներն ամբողջությամբ չեն վերացվել: Շարունակում է օրախնդիր մնալ ջրագծի վնասված մեկ այլ հատվածի վերանորոգման հարցը, որը լուծելու համար, ինչպես բնակիչներն են ասում, անհրաժեշտ է խողովակի վնասված հատվածին կից գտնվող տնակը քանդել:
Շիրակի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական գծով տնօրեն Արշալույս Ավդալյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ամբողջ տարածքն արդեն ուսումնասիրել, բոլոր տեսակի վթարները գրանցել են եւ կաշխատեն դրանք արագ վերացնել, հատկապես այն պարագայում, երբ դիմացը ձմեռ է:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս