ՀԱՐՑ. Մեր առօրյայում շատ է գործածվում «բրենդ» բառը, հատկապես այն կիրառելի է հեռուստաեթերում: Ո՞րն է «բրենդ» բառի հայերեն համարժեք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անի Հովսեփյանի հարցմանն ի պատասխան՝ պետք է ասել, որ «բրենդ» բառի՝ օրենքով հաստատված հայերեն համարժեքը չկա: Նոր փոխհարաբերությունների եւ ապրանքատեսակների հետ ներմուծված օտար բառերը հաճախ ժամանակի ընթացքում են ձեռք բերում իրենց հայերեն համարժեքը կամ համարժեքները, որոնցից մեկնումեկը լեզվագործածության մեջ հաղթող է լինում: Քաղաքացու նշած բառի դիմաց հաճախ գործածում ենք «ապրանքատեսակ» կամ «ապրանքանիշ» բառերը, որոնք թերեւս ամբողջությամբ չեն արտահայտում «բրենդ»-ի իմաստը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զարմանալի է, որ մենք դեռեւս ստիպված ենք կիրառել օտարահունչ բառեր, որոնց բացատրությունը շատ դեպքերում չենք էլ հասկանում: Վերջին տարիներին մեր ոսկեղենիկ հայերենում «բառաշինարարություն»-ը դարձել է սովորական երեւույթ, որի կանխման մեջ, իհարկե, մեծ ավանդ պետք է ունենա լեզվի պետական տեսչությունը: