ՀԱՐՑ. Կառավարության որոշմամբ առաջարկվել է փոփոխել «Եկամտային հարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Ըստ այդմ՝ 2013թ. հունվարի 1-ից փոխվելու է աշխատավարձի հաշվարկման կարգը: Խնդրում եմ ասել՝ ինչ սկզբունքով է այն հաշվարկվելու:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ անվանական աշխատավարձերի վերահաշվարկման պահանջի հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 31-ի թիվ 692-Ն որոշմամբ: Նշյալ որոշմամբ մասնավորապես ամրագրվել է, որ 2013թ. հունվարի 1-ից հետո վարձու աշխատողներին վճարվող պաշտոնային դրույքաչափային աշխատավարձի տնօրինվող (հարկումից հետո) մակարդակը չպետք է պակաս լինի ինչպես 2012թ. ընթացքում փաստացի վճարված պաշտոնային դրույքաչափային աշխատավարձի միջինացված մեծությունից, այնպես էլ 2012թ. դեկտեմբերին վճարված (վճարվող) տնօրինվող աշխատավարձի մեծությունից:
Այսինքն՝ 2013թ. հունվարի 1-ից եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն եկամտային հարկի ներդրումը չի հանգեցնի վարձու աշխատողների տնօրինվող (հարկումից հետո) եկամուտների կրճատման:
Գործատուները որեւէ խթան չունեն չվերահաշվարկելու իրենց վարձու աշխատողների աշխատավարձերը: Գործող օրենսդրության համաձայն՝ գործատուները իրենց միջոցների հաշվին կատարում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013թ. հունվարի 1-ից կիրառվող օրենսդրության համաձայն՝ նրանք այլեւս չեն կատարելու այդ վճարները, այլ պարզապես մոտավորապես նույն գումարի չափով ավելացնելու են իրենց վարձու աշխատողների աշխատավարձերը: Հետեւաբար, անտրամաբանական կլինի, որ գործատուները 2013թ. հունվարի 1-ից չվերահաշվարկեն իրենց վարձու աշխատողների աշխատավարձերը եւ ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, աշխատողներն օրենքի այս փոփոխությունից ոչինչ չեն շահում, իսկ գործատուներն էլ, վստահ ենք, օրենքը շրջանցելու մի ձեւ հաստատ կգտնեն: