Armenian text to speach

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԼԻԱՐԺԵՔ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան երեկ խորհրդարանում կազմակերպված, Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարի հարցը մնում է»,- ասել է Թրայան Հրիսթեան: Սա, իհարկե, հանրահայտ իրողություն է, եւ հայ հասարակությունն ամեն օր իր մաշկի վրա զգում է կոռումպացվածության «հմայքը»: Բայց երբ այդ մասին դիվանագետն է խոսում, արդեն ուշագրավ է: Ու եթե այս տեսանկյունից ենք դիտարկում Թրայան Հրիսթեայի ասածները, ապա կարելի է ընկալել, որ նա դիվանագիտական լեզվով ասել է, թե Հայաստանն անբուժելի հիվանդ է, ախտորոշումն էլ՝ «համընդհանուր կոռումպացվածություն»: ԵՄ դիվանագետի խոսքերից հետո պարզ է դառնում նաեւ, թե ինչու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշեց իրեն կից կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի լիազորություն չունեցող ձեւական խորհուրդ ստեղծել: Ակնհայտ է, որ Թրայան Հրիսթեան իր վերը բերված դիտարկումը դեռեւս ամիսներ առաջ նաեւ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել: Վերջինս էլ, որպեսզի կարողանա եվրոպացիներից ինչ-որ գումար «պոկել», կարծել է, որ ձեւական խորհուրդ ստեղծելով՝ հարցը կլուծվի:

 

 

 

 

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հանրահավաքը` ի պաշտպանություն արդեն տասն օր շարունակ անազատության մեջ պահվող իրենց քաղբանտարկյալ ընկերների: Այս հանրահավաքը, ի տարբերություն «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած մյուս բոլոր միջոցառումներից, ամենամարդաշատն էր` դրան մասնակցում էր մոտ հազար մարդ: Հանրահավաքից հետո մասնակիցները, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, երթ անցկացրին: Հանրահավաքում ելույթ ունեցած պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, թե եկել է գործելու ժամանակը, եւ ազատամարտիկներին կոչ արեց երկուշաբթի օրը, ժամը 14-ին միանալ իրենց՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք հացադուլ-նստացույցին: Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են՝ ապրիլի 23-ին եւ 24-ին պաշտոնական միջոցառումներին խանգարող բողոքի ակցիաների կազմակերպիչներին չեն հանդուրժելու, ուստի բացառված չէ, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալների թիվը աճի:

 

 

 

 
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում: Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված՝ «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն են պատկանում եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում է այդ ՓԲԸ-ի դրամարկղ: Բայց ուշագրավն այն է, որ գինը չեն ասում: «Նախնական գին սահմանված չկա: Միայն ներդրված գումարը հետ վերադարձնելու պայմանով կվաճառենք»,- ասել է Վ. Հարությունյանը: Իրականում բաժնետոմսերը վաճառելու մասին հայտարարություններով հեղինակները փորձում են հակադարձել գերշահույթ ստանալու մասին մեղադրանքներին՝ շատ լավ իմանալով, որ ոչ ոք չի համարձակվի գնման հայտ ներկայացնել, քանի որ ՓԲԸ-ն փաստացի պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր, «Միկմետալ»-ի սեփականատեր Միխայիլ Հարությունյանին: Վերջինս ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է:

 

 

 

 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացված 2014 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա ողջ եկամուտը կազմել է 10 մլն 442 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ սփյուռքի նախարարը որպես աշխատավարձ ներկայացրել է երեք առանձին գումար` ընդհանուր 8 միլիոն 222 հազ. դրամի չափով: Մնացած 2 մլն 220 հազ. դրամը Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է որպես իբրեւ փոխառություններից (պարտքով տրված գումարներից) եւ վարկերից տոկոսների տեսքով ստացված շահաբաժին: Պարզվում է՝ ՀՀ սփյուռքի նախարարը բավական պատկառելի դրամական միջոցներ ունի, այն է՝ 31 մլն 42 հազ. դրամ, 21 հազ. 827 եվրո եւ 26 հազ. 881 դոլար: Կարող ենք արձանագրել, որ Հրանուշ Հակոբյանը «հին հարուստ է» եւ նույնիսկ ըստ հայտարարագրի՝ ավելի հարուստ, քան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, դա ընդամենը փաստաթղթերով, քանի որ իրական կյանքում Ճշմարիտյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

 

 

 

 

 

ՉԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Երեկ հերթական խոշոր վթարն է գրանցվել ՀՀ զինված ուժերում, որի արդյունքում ունեցել ենք վիրավորներ եւ զոհ: Ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Թովմասյանը:
Սա վերջին երեք տարիների ընթացքում նմանատիպ առնվազն երրորդ դեպքն է, երբ բանակային բեռնատար-մարդատար խոշոր ավտոմեքենան վթարվում է: Ընդ որում, շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցած վթարի արդյունքում ութ զինվոր զոհվեց: Իհարկե, վթարներ կարող են տեղի ունենալ ամեն տեղ եւ տարբեր պատճառներով, սակայն կոնկրետ երեկվա վթարը տեղի է ունեցել ոչ դժվարանցանելի ճանապարհահատվածում, եղանակային ոչ անբարենպաստ պայմաններում: Ասել է թե` դրա համար կարող էր լինել երկու պատճառ՝ մեքենայի անսարքությունը կամ վարորդի ոչ բավարար հմտությունը, թեեւ մեր զինված ուժերում չի բացառվում եւ այս երկու պատճառների համադրությունը:
Կոնկրետ երեկվա վթարի համար մեղավորների շրջանակը հստակ է: Մեքենաների տեխնիկական վիճակի համար պատասխանատուներից բացի՝ այստեղ կոնկրետ մեղքի բաժին ունեն այն սպաները, որոնք կոչված են ստուգելու զինակոչիկների վարորդական հմտությունները: Գաղտնիք չէ, որ մեզանում հաճախ զինակոչիկներին նստեցնում են ղեկին` առանց բավարար խորությամբ քննելու նրանց կարողությունները: Եւ որքան էլ ցավալի է, պարբերաբար կրկնվող նման վթարների համար սպայական պատասխանատու կազմից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Համենայն դեպս, նախկինում տեղի ունեցած դեպքերի հետ կապված նման նախադեպեր հայտնի չեն:
Միակ առաջընթացը, որը վերջին տարիներին նկատվում է, ՊՆ կողմից շատ օպերատիվ կերպով տարածվող հաղորդագրությունն է` վերջում զոհերի հարազատներին հայտնվող խորին ցավակցությամբ: Իսկ, ահա, կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի բացակայությունը կամ առնվազն թերիությունը փաստում է նմանատիպ վթարների կրկնությունը: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե ինչով է զբաղված ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը. ի վերջո, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր զոհված զինվորի (առավել եւս խաղաղ պայմաններում) համար, եւ լավ կլինի, որ նա իր նախագահական հավակնություններին ուղղված փի-առ քայլերի արանքում գոնե երբեմն հիշի այդ մասին:




Լրահոս