ՀՀ-Ն ՄԱՆԴԱՏ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ, ԻՍԿ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռ ճշտում է ապրիլի 24-ին Հայաստան ժամանող հյուրերի ցանկը: Նա չցանկացավ մեկնաբանել ԵՏՄ շրջանակներում ՀՀ դաշնակից երկրների՝ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների՝ Հայաստան չայցելելու հանգամանքը:

-Պարո՛ն Նազարյան, Հայաստանը ի՞նչ ակնկալիքներ ունի մայիսի վերջին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովից:
-Մենք այս հարցի հետ կապված քննարկում ունեցանք խորհրդարանում, որտեղ տարբեր զեկուցողներ տվեցին տարբեր գնահատականներ: Արտաքին գործերի նախարարության կողմից եւս մենք ներկայացրել ենք մեր տեսակետները: Մեր ակնկալիքն է ստանալ մանդատ՝ ապագայում բանակցությունները սկսելու համար նոր իրավական փաստաթղթի շուրջ: Այդ ուղղությամբ են շարունակվում գործընթացը, քննարկումները եվրոմիության մեր գործընկերների հետ: Անշուշտ կան նաեւ այլ բնագավառներ, որոնք մեզ համար ներկայացնում են առաջնահերթություն, ու դրա մասին մենք խոսել ենք: Խոսքը գնում է «Հորիզոն 20/20» միջազգային պայմանագրին միանալու մասին, սա էլ մի գործընթաց է, որը կոչված է խրախուսելու համագործակցությունը գիտության ու նորամուծությունների բնագավառում: Մեզ համար նաեւ շատ էական է եվրամիության հետ շարունակել քննարկումները համատեղ ավիացիոն գոտու ստեղծման մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ, խոսվեց նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների խրախուսման մասին: Անշուշտ նաեւ վիզաների դյուրացման եւ ընդունման արդյունքում մենք հույս ունենք, որ ապագայում, գուցե տեսանելի ապագայում, կունենանք արդեն վիզայի երկխոսություն: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները եւս իրավունք կունենան այդ ոլորտներում հեշտ լուծել իրենց հարցերը:
-Իսկ որքանո՞վ է իրատեսական Ռիգայի գագաթնաժողովում Ձեր նշած մանդատը ստանալը:
-Ես չէի ցանկանա առաջ ընկնել կամ կանխորոշել ապագա զարգացումները, մանդատի հարցում նաեւ իրենց ասելիքն ունեն 27 անդամ պետությունները, այնպես որ, հուսանք ու տեսնենք: Հույս ունենք, որ դա տեղի կունենա, մենք նաեւ աշխատում ենք երկկողմ հարթության վրա, եվրոմիության անդամ պետությունների հետ` կարեւորելով այդ հանգամանքը: Հույս ունենանք, որ շուտով այդ գործընթացը կունենա իր տրամաբանական ավարտը:
-Պարո՛ն Նազարյան, արդեն հստակ է, որ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստանում չեն լինելու ՀՀ-ի դաշնակից երկու պետությունների՝ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները: Ինչպե՞ս է այդ հարցին վերաբերում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ինչո՞ւ չհաջողվեց Հայաստանի դաշնակիցների ներկայությունն ապահովել, դա վիրավորական չե՞ք համարում ՀՀ-ի համար:
-Գիտեք ինչ, այս պահի դրությամբ ճշտվում է Հայաստան ժամանող հյուրերի պաշտոնական ցանկը, ես դեռեւս չէի ցանկանա մեկնաբանել: Կա այժմ բավականաչափ մեծ արձագանք մեր գործընկերների կողմից այդ օրը մեր կողքին լինելու, այնպես որ, մենք այդ օրը հյուրերի պակաս չենք ունենալու:
-Իսկ Թուրքիայի ագրեսիվ պահվածքն ու հայտարարությունները, հատկապես Հռոմի պապի հայտարարությունից հետո, ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի անվտանգության համար: Ի վերջո, մենք քաջ գիտակցում ենք, որ Թուրքիայի հրահանգով Ադրբեջանը կարող է շատ ագրեսիվ գործողություններ սկսել ՀՀ սահմանին: Այս իմաստով` ինչի՞ կարող ենք սպասել ապրիլի 25-ին:
-Վատիկանում տեղի ունեցած պատարագի վերաբերյալ արտաքին գործերի նախարարն արդեն իր տեսակետն ասել է: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից շարունակվող ագրեսիվ հայտարարություններին, ապա առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում, դրանք ընդամենը խղճուկ փորձեր են՝ ապակողմնորոշելու միջազգային հանրությանը, շեղելու հանրության ուշադրությունը 100-ամյակի միջոցառումներից: Այնպես որ, կարծում եմ՝ այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Դա սովորական երեւույթ է, ու Թուրքիան պետք է շարունակի իր որդեգրած քաղաքականությունը: Հույս ունեմ, որ 100-ամյակին ընդառաջ ընդունվող տարբեր հայտարարությունների, բանաձեւերի արդյունքում թուրքական կառավարությունը կկարողանա հստակ պատգամներ քաղել դրանցից ու արդեն գնալ ճանաչման ճանապարհով, ինչը հնարավորություն կտա ստեղծել բարիդրացիական հարաբերություններ:
-Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրենք սիրով պատրաստ են կառույցում ընդգրկել նաեւ Ադրբեջանին, ինպե՞ս է դրան վերաբերում ՀՀ ԱԳՆ:
-Ես այդ հայտարարությանը ծանոթ չեմ, քանի որ դա չեմ համակարգում: Ինձ համար դա դժվար է մեկնաբանել, եթե թույլ տաք, կծանոթանամ այդ հայտարարությանը եւ անպայման կարձագանքեմ:

 

 

 

 

 
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՇԵՇՏԵՑԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԽԱԼԸ

Երեկ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ: Լսումներին ներկա էին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԱԺ ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, խմբակցությունների պատգամավորները, իսկ նիստը վարում էր եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը քննարկման ընթացքում բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչն ակնհայտորեն դուր եկավ Տրայան Հրիսթեային:

Բացման խոսքով հանդես եկած դեսպան Հրիսթեան հայտարարեց, թե վերջնականապես ամփոփել են ԵՄ հետ համագործակցության այն տարբերակները, որոնք հնարավոր կլինի իրագործել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Դեսպանը շեշտեց, որ պետք է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ` հասկանալու համար, թե Արեւելյան գործընկերությունն ու Եվրամիությունն ինչ հեռանկարներ են խոստանում: «Ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն բանին, թե ինչպես է սա ազդելու հասարակ ժողովրդի վրա»,- ընդգծեց դեսպանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Արտակ Զաքարյանն էլ հայտարարեց, թե. «Մենք թեւակոխել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլ, որը մեկնարկել էր դեռ անցյալ տարի: Տեղի են ունենում քննարկումներ, որոնք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ ուղղություններով կարող են լինել համագործակցությունները` չհակասելով ԵՏՄ-ի առջեւ ստանձնած հանձնառություններին: Հայաստանը շարունակում է ԵՄ հետ հարաբերությունները` որպես ԵՏՄ լիիրավ անդամ: Հայաստանի մուտքը ԵՏՄ չի կարող խոչընդոտ լինել ԵՄ-ի հետ հարաբերությունների համար: Հայաստանը զերծ է պահելու իր օրակարգը հակասություններից»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ շատ վրդովված նկատեց, թե «ԵՄ-ն շատ է խոսում արժեքների մասին: Մինչդեռ այսօր Հայաստանում ԵՄ աջակցությունն ադեկվատ չէ իրավիճակին: Մարդու իրավունքների վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում»: Սրան արձագանքեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը` հիշեցնելով, որ Լեվոն Զուրաբյանի ներկայացրած ուժը` ՀԱԿ-ը, իշխանությունների հետ միասին «կողմ» է քվեարկել ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությանը: Բայց այդ ժամանակ Լ. Զուրաբյանը դահլիճում չէր ու Պողոսյանին չարձագանքեց: Նիստի վերջում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նման եւս մեկ լսում կկազմակերպվի արդեն Ռիգայի գագաթնաժողովից հետո` հասկանալու համար, թե այն ինչ տվեց ՀՀ-ին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ
Օրերս հայտնի դարձավ, որ փաստաբանների նոր ակումբ է ստեղծվում, ինչը, պարզվում է, խիստ մտահոգել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Իհարկե, Զոհրաբյանի կողմնակիցները պնդում են, որ նորաստեղծ ակումբը որեւէ կերպ չի խանգարի պալատի գործունեությանը: Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ այդ ակումբում կարող են ընդգրկվել բոլոր այն փաստաբանները, որոնք հակասություններ ունեն փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ: Վերջինս, ըստ իր գործընկերների, իր հավակնոտ պահվածքով հասցրել է շատ փաստաբանների նեղացնել եւ չի բացառվում, որ նորաստեղծ ակումբը հետագայում կարող է նաեւ այլ կազմակերպչական ձեւ ստանալ եւ պառակտել փաստաբանների պալատը: Ամեն դեպքում, Արա Զոհրաբյանը նման մտավախություն ունի: Թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանին, որն ասաց. «Ակումբները կամ այլ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները որեւէ կերպ չեն վնասում փաստաբաններին, եթե, իհարկե, պառակտման նպատակ չունեն: Այսօր փաստաբանական համայնքը առավել քան ուժեղ է, եւ նրան պառակտել գրեթե անհնարին է»:

 

ԳՆՈՐԴ ՉԿԱ
ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «Ագարակի ջերմոցային տնտեսություն» ԲԲԸ-ն արդեն 11-րդ անգամ է, ինչ աճուրդի է հանվում: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այս ընկերությունը դեռեւս 2004 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր տեսակի ապրանքներ է ներմուծել Հայաստան եւ հարկային պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում Մեղրիի տարածքային հարկային տեսչությունը գումարի բռնագանձման պահանջով դիմել է Կապանի ընդհանուր իրավասության դատարան: Ընկերության պարտքը կազմում է 23 մլն 63 հազար դրամ, որը «Ագարակի ջերմոցային տնտեսություն» ԲԲԸ-ն չի կարողանում վճարել: Նշենք, որ առաջին աճուրդին նախնական գինը սահմանվել է 39 մլն դրամ, իսկ այժմ այն կազմում է 12 մլն 482 հազար դրամ: Տեղեկացնենք, որ «Ագարակի ջերմոցային տնտեսություն» ԲԲԸ-ի հողամասի մակերեսը կազմում է 1,231 հեկտար, օժանդակ շինության մակերեսը` 843,3 ք/մ, առկա է 2 ջերմոց` յուրաքանչյուրի մակերեսը 328,1 ք/մ:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Երեկ կյանքից հեռացել է Արցախյան պատերազմի մասնակից, «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ, իսկական հայ, լավ մարդ Վարդան Սամսոնյանը (Քյասիբ Վարդան): Հիվանդությունը մեզանից խլեց մարդկային ամենաբարձր արժեքները կրող մի հայի: «Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմը ցավակցում է սիրելի Վարդանի հարազատներին` վաղաժամ կորստի համար:




Լրահոս