ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՍԽՈՒՄ ԵՆ, ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ՎՃԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուները մեկը մյուսի ետեւից հաստատում են, որ առաջիկայում սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: Իսկ ամենակարեւորն այն է, որ Հայաստանի պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են սպառողների շահերի պաշտպանության համար, ոչ միայն չեն խոստանում նման հեռանկարը կանխել, այլեւ ընդհակառակը իրենք են շտապում արդարացնել էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գրեթե միաբերան առաջ են քաշում այն մոտեցումը, թե իբր դոլար-դրամի փոխարժեքի կտրուկ տատանումի արդյունքում էներգետիկայի ոլորտում խնդիրներ են առաջացել, թե իբր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն անցած տարվա նոյեմբերից մեծ վնասներով է աշխատում:
Իսկ ինչո՞ւ է ՀԷՑ-ը վնասներով աշխատում: Այս հարցը Հայաստանի պաշտոնյաները երբեւէ չեն դիտարկել, եւ առկա կարծիքները վկայում են, որ չեն էլ պատրաստվում անել: Ավելին՝ այս տարվա սկզբին, երբ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2015 թվականի գործունեության ծրագիրը, պարզվեց, որ ՀԷՑ-ը անցած երկու-երեք տարիներին մոտ 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել, ավելին՝ ընկերությունն այնպիսի վիճակում է հայտնվել, որ չի կարողանում ժամանակին վճարել փոքր ՀԷԿ-երի մատակարարած էլէներգիայի դիմաց: Այս փաստը եւս Հայաստանի պաշտոնյաների կողմից անտարբերության մատնվեց:
Ինչպես հայտնի է՝ ՀԷՑ-ի սեփականատերը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է: ՀԷՑ-ի տնօրինությունը նշանակվում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից, հենց այս ընկերությունն էլ վերահսկում է իր նշանակած կառավարիչների գործունեությունը: Այլ կերպ ասած՝ եթե «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ի տնօրինությանը պաշտոնանկ չի անում եւ նրանց պատասխանատվության չի ենթարկում, ապա կարելի է կարծել, որ նրանց գործունեությունն իրեն բավարարում է: Այլ կերպ ասած՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին չի մտահոգում այն փաստը, որ ՀԷՑ-ը շուրջ 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել:
Իսկ ինչու է այս խնդրի նկատմամբ անտարբեր հայկական կողմը: Ավելին՝ այդ պարտքը մեկ օրում կամ մեկ տարում չի կուտակվել, ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաներն իրենց լիազորությունների շրջանակներում չեն միջամտել եւ չեն փորձել կանխել ՀԷՑ-ի «անկումը»: Այս տեսանկյունից թերեւս տեղին է վերհիշել դեռեւս 2012-ին տարածված այն լուրերը, ըստ որոնց, այդ տարի տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանությունները ոչ միայն Հայաստանի օլիգարխներին են ստիպում «մուծվել», այլ նաեւ կոմունալ ոլորտները սպասարկող ընկերությունների տնօրինությանը: Այս մոտեցումը հետեւյալ կերպ էր բացատրվում. նշված ընկերությունների տնօրինությունը, ինչպես հայ օլիգարխները, իր բոլոր «գործերից» Հայաստանի ղեկավարությանը մաս է հանում: Սակայն ընտրությունների շրջանում նրանցից պահանջում են սովորականից երբեմն կրկնակի կամ եռակի անգամ ավել վճարել: Ըստ այդ լուրերի՝ մասնավորապես ՀԷՑ-ի տնօրինությունը 2012-ի ԱԺ եւ 2013 թվականի նախագահական ընտրություններում մի քանի տասնյակ միլիոն դոլար է «ներդրել»: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն տեղյակ է, թե ուր են անհետացել ՀԷՑ-ի փողերը, այլ նաեւ գործուն մասնակցություն է ունեցել այդ գործընթացում: Հենց այս փաստն է նաեւ պատճառը, որ Հայաստանի ղեկավարությունն ամեն կերպ անտարբերության է մատնում ՀԷՑ-ի ֆինանսական ծանր կացության պատճառների մասին հանրությանը բացատրություն տալու մասին բոլոր հայտարարություններին: Այսինքն՝ Հայաստանի ներկա ղեկավարությունը քանի դեռ իշխանություն ունի, նույն մեխանիզմն անընդհատ գործելու է, իրենք գումարները մսխելու են ռուսների կամ մեկ ուրիշի հետ, իսկ Հայաստանի քաղաքացին դրա համար վճարելու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե ինչու կալանավորվեց «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, եւ արդյոք նա ու «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները վտանգ էին ներկայացնում, ուղղակի հաստատեց, որ դա արվել է այլ երկրների հատուկ ծառայությունների պահանջով: «Ասե՞մ ինչն էր վտանգավորը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ ոչ տրամաբանական հոտը քաղաքական դաշտ չմտներ, ոչ թե կունենայինք 3-4 նախագահի այցեր, այլ 15-ի այց: Իրենց հայտարարություններում դիտարկվում էր նաեւ հետեւյալը, որ եթե երկիրը, ազգաբնակչությունը գաղթում է, գաղթական է դառնում, եթե պետությունը վերանում է, ապա էլ ինչ է պատահել, որ մի քիչ էլ զոհեր ունենանք: Դուք այս հայտարարությանը տեղյակ չե՞ք: Բայց ես գիտեմ՝ էն թիմը չէ… Դուք էլ չեք ճանաչում էդ թիմին ու ոչ էլ Ժիրայրին եք ճանաչում, որ կկարողանար այդպիսի բաներ անել… Համենայնդեպս, աշխարհի համար դա ահաբեկչության մոտիվացիա է»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա այսպիսով ոչ միայն խոստովանեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կալանավորել են` արտաքին աշխարհին գոհացնելու համար, միաժամանակ փորձեց ապրիլի 24-ին Հայաստան ընդամենը երկու-երեք նախագահներ այցելելու մեղքը գցել Ժիրայր Սէֆիլյանի թիմի վրա: Իբր իրենք են մեղավոր, քանի որ ինչ-որ երկրների նախագահներ վախենում են գալ Հայաստան:

 

ՄԻԱՅՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում լինելու է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարության ընդունման քվեարկությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն մասնակցելու է քվեարկությանը. «Հարցի քննարկումն ավարտված է, ու մնացել է միայն քվեարկությունը»: Նշենք, որ ԱԺ բոլոր խմբակցությունները միացել են այս հայտարարությանը, բացի ՀԱԿ-ից: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է, որ ըստ իրենց՝ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարց չպետք է լինի:

 

ԴԵՌ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ դեռեւս այս տարվա փետրվարից ՀՀ ֆինանսների նախարարությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներ է սկսել: Ի սկզբանե ստուգումները սկսվեցին Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի դեմ փետրվարի 12-ից «խաչակրաց արշավանք» սկսելուց հետո: Ենթադրվում էր, որ ԲՀԿ նախկին նախագահի «կապիտուլացիայից» հետո այդ ստուգումները պետք է դադարեն: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժողովուրդ»-ին ասացին, որ ստուգումները դեռեւս շարունակվում են:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊՈՒՏԻՆԸ ԿԳԱ
Կրեմլում չեն բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ: «Երեւանում Պուտինի ու Օլանդի գտնվելու ժամկետները համընկնում են, նրանք այնտեղ կգտնվեն միաժամանակ, այդ իսկ պատճառով էլ բացառել հայկական կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում նրանց հանդիպումը, չի կարելի»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԻ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը եղել է բացարձակ արդարացված, իսկ Թուրքիան պետք է ընդունի եվրոպական արժեքները, եթե ձգտում է դեպի ԵՄ: Այս մասին, իտալական La Stampa թերթի փոխանցմամբ, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցինը ԱՄՆ Ջորջթաունի համալսարանում կայացած հանդիպման ժամանակ:

 

ՑՆՑՈՂ ԱԿՑԻԱ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ադամ Շիֆը Facebook սոցկայքում գրառում է կատարել. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ես մի ամբողջ ժամ Ներկայացուցիչների պալատում կկարդամ զոհերի անունները ու այդ անունները կգրանցեմ կոնգրեսական արձանագրություններում»: Նա նաեւ հրավիրել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին մուտք գործել նշված հասցեով ու գրել ցեղասպանությանը զոհ գնացածների անուն, ազգանունները:

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է
Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ԵԽ պաշտոնական կայքէջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: «Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը եւ դրա ցավոտ ժառանգությունը մեծ ճեղքվածք են առաջացրել երկու հասարակությունների միջեւ, որը բյուրեղացել է դրանց՝ որպես ցեղասպանություն, քաղաքական եւ իրավական գնահատման հարցի շուրջ: Հայերի սպանդը եւ տեղահանությունը Օսմանյան իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտում էր , – ընդգծել է հանձնակատարը՝ հարց բարձրացնելով, – արդյո՞ք սա նախապատրաստողները եւ հենց հանցագործությունները դատապարտվում են, թե՞ անտեսվում են, արդարացվում եւ նույնիսկ՝ փառաբանվում»:

 

ՕԲԱՄԱՆ ՉԻ ԱՍԻ
Միացյալ Նահանգների նախագահը եւ վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը: «Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները,- ասել է խոսնակը` միեւնույն ժամանակ նկատելով,-Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, եւ ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի»:

 

ՈՐՏԵՂԻՑ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ երեկ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը եւ «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Բացման արարողության ընթացքում Ս. Սարգսյանը ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով եւ լուսանցազարդերով, որը կոչվել է Կարմիր Ավետարան:

 

ԱՀԱ ԱՅՍՊԵՍ
Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոն ապրիլի 23-24-ը կայցելի Վրաստան: Այս մասին երեկ հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն, որի հաղորդմամբ՝ այցի նախաձեռնողը բելառուսական կողմն է:

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ադրբեջանում հանրահայտ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարով ազատազրկելու մասին դատական որոշումը: Հայտարարությունում նշված է, որ այդ դատավճիռն անհամաչափ է ու չափազանց խիստ: ԵՄ-ն պաշտոնական Բաքվին կոչ է արել կատարել միջազգային պարտավորությունները, վստահություն ապահովել սեփական դատական համակարգի հանդեպ, որպեսզի այդ որոշման բողոքարկումը դիտարկվի օբյեկտիվորեն:




Լրահոս