«ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ»-Ի ՎԱՃԱՌՔԸ ՁԵՎԱԿԱ՞Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն տեւական ժամանակ է, ինչ վաճառքի է հանված: Սակայն այս պահի դրությամբ ընկերությունով ոչ հետաքրքրվող կա, ոչ էլ գնորդ: Ընկերության տնօրենը վստահեցնում է, թե տուրքերի հավաքագրումից ներկայումս իրենց տրվող մասնաբաժինը բավարար չէ, եւ իրենք մեծ վնասներ են կրում: Միեւնույն ժամանակ, սակայն, տարակուսելի փաստ է հայտնում. վնասներ կրող ընկերությունը նոր ներդրումային ծրագրեր է իրականացնում եւ չի պատրաստվում հրաժարվել «կարմիր գծերից»:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հունիսին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել ընկերությունը վաճառքի հանելու մասին: Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Հաշվի առնելով վերջին ժամանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների` ավտոկայանատեղիներից հավաքագրված տուրքի 70 տոկոսը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում եւ ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները եւ տեսակետները, ընկերությունը հայտարարում է իր բաժնետոմսերի վաճառքի մասին: Ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100 տոկոսը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ եւ տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ` պարզելու համար, թե արդյո՞ք դեռ ցանկանում են ընկերությունը վաճառել:
-Պարո՛ն Հարությունյան, Դուք հայտարարում եք ընկերությունը վաճառելու մասին, սակայն հստակ գին չկա սահմանված:
-Նախնական գին սահմանված չկա: Միայն ներդրված գումարը հետ վերադարաձնելու պայմանով: Այս դեպքում միայն վաճառք կիրականացվի:
-Տեսակետ կա, որ ընկերությունը վաճառելու մասին հայտարարությունը ձեւական բնույթ է կրում եւ նպատակ ունի հանրությանը շեղել այն մտքից, որ Դուք ահռելի գերշահույթներ եք ապահովում:
-Եթե նման կարծիքի մարդ կա, թող գա, գնի ու ինքը գերշահույթ ապահովի: Չեմ ցանկանում մեկնաբանել:
-Իսկ գնել ցանկացողներ եղե՞լ են:
-Առաջարկն ուժի մեջ է, բայց մասնակիցների քանակի ավելացում չկա: Մեկ-երկու հետաքրքրվող եղավ, սակայն ընթացք չստացավ եւ դադարեց գործընթացը: Բայց հիմա էլ առաջարկը դեռ ուժի մեջ է, եւ եթե կլինեն հետաքրքրվողներ, կարող են դիմել, եւ մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ինֆորմացիա:
-Ինչո՞ւ եք վաճառում ընկերությունը: Վնասո՞վ եք աշխատում, եկամտաբեր չէ՞, թե քաղաքացիները հրաժարվում են վճարել տուգանքները:
-Ընկերությունը վնասով է աշխատում, այս պատճառով էլ վաճառքի է հանվել: Հաշվետվությունը մի քանի օրից պատրաստ կլինի, եւ ավելի ստույգ թիվ կկարողանամ հրապարակել վնասների չափի մասին: Իսկ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախորդ տարվա ընթացքում մոտավորապես 100 մլն դրամի չափով վնաս ենք կրել:
-Սա՞ է պատճառը, որ ընկերությունը մինչեւ հիմա չի վաճառվում:
-Այո՛, հենց այս պատճառով էլ ընկերությունը գնելու մտադրություն ունեցող քաղաքացիները հրաժարվում են: Դա իրենց վանում է:
-Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ է ընկերությունը վնասներ կրում այն դեպքում, երբ քաղաքացիները հսկայական տուրքեր են մուծում:
-Ընդհանուր գումարների հավաքագրումից ընկերության հասույթը ավելի քիչ է, քան ամորտիզացիան եւ մյուս այլ ծախսերը:
-Հնարավո՞ր է, որ կարմիր գծերի կիրառումն ընդհանրապես հանվի:
-Ո՛չ: Հաշվի չառնելով այդ ամենը՝ ընկերությունը շարունակում է գործել, նոր ներդրումային ծրագրեր է իրականացնում, քանի որ ունի պայմանագիր եւ պայմանագրի պարտավորությունները պարտավոր է կատարել պատշաճ կարգով: Ներկայումս, եթե նկատել եք՝ երեւանյան փողոցներում արդեն հայտնվել են վճարահաշվարկային համակարգեր, որոնք ավելի հարմարավետ եւ ավելի մատչելի են դարձնում տուրքի վճարումը: Վճարահաշվարկային համակարգերի ներդրումը կատարել է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը: Ուղղակի պայմանագրային պարտավորություններ են, քանի որ մեր ընկերության եւ նրա այլ կազմակերպությունները վճարահաշվարկային կազմակերպություններ չեն եւ նման գործունեություն իրականացնելու համար համապատասխան լիցենզիա չունեն: Այս պատճառով լիցենզավորված կազմակերպության հետ պայմանագիր ունենք, որն էլ իրականացնում է տուրքի հավաքագրումը եւ համապատասխան վարձատրում է դրա դիմաց:
-Դուք զրույցի սկզբում նշում եք, որ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում մոտավորապես 100 մլն դրամի չափով վնաս է կրել, եւ վաճառում եք այն: Հետո հայտնում եք, որ ընկերությունը ներդրումային ծրագրեր է իրականացնում: Այդ ինչպե՞ս է ստացվում: Չէ որ, եթե որեւէ ընկերություն մեծ վնասներ է կրում, ապա այն փակվում է, դադարում է գործել: Մինչդեռ Ձեզ մոտ հակառակն է՝ Դուք շարունակում եք գործել: Ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին:
-Նոր ներդրումային միջոցների հաշվին: Այսինքն՝ ընկերությունը գոյատեւում է ոչ միայն ձեռք բերած հասույթով, այլեւ հիմնադիրների կողմից նոր ներդրումներ են արվում կազմակերպության գոյատեւման համար:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Մինչ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանը զբաղված են սեփական «փիարով», ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորները բարձրաձայնում են բանտերում առկա անմարդկային վերաբերմունքի մասին:
«Ժողովուրդ»-ը ապրիլի 9-ին գրել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սարգիս Գալստյանի հարազատները բարձրաձայնում են, որ բանտարկյալը լուրջ առողջական խնդիրներ ունի: Սակայն հրապարակումից 8 օր է անցել, բայց որեւէ բժիշկ հարկ չի համարել բացել բանտախցի դուռը եւ հետաքրքրվել, թե ինչից է դժգոհում դատապարտյալը: Այնպիսի տպավորթյուն է, որ նախկին ոստիկան Արթուր Օսիկյանը բոլոր դատապարտյալներին համարում է կործանված եւ այլեւս հանրության համար անպիտանի, դրա համար էլ որեւէ մեկի առողջությունը չի հետաքրքրում քրեակատարողական հիմնարկների վարչության պետին:
Բայց սա միակ դեպքը չէ, որ դժգոհություն ու զայրույթ է առաջացնում ՀՀ քաղաքացիների մոտ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ բանտախուցը, որտեղ գտնվում է Գեւորգ Սաֆարյանը, կա ընդամենը 8 մահճակալ, սակայն այս պահին այնտեղ պահում են 27 հոգու. «Այս առնչությամբ դեռ չենք հասցրել բողոքներ գրել, բայց պատրաստվում ենք, որովհետեւ սա անթույլատրելի է»: Փաստաբան Եգորյանի հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե ստեղծված իրավիճակի ստուգման համար հանձնարարականներ է տվել: Եվ ստուգման արդյունքում «Արձանագրվել է, որ մասնավորապես այդ բանտախցում պահման պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմատիվներին, եւ իրականում բանտախցում եղել են 12 մահճակալներ, թեեւ նշված խուցը նախատեսված է եղել 8 մահճակալի համար»: ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնապես արձագանքելով այս խոսքերին՝ փաստացի հաստատեց ՔԿՀ-ներում առկա խայտառակ պատկերը՝ սրբագրելով, որ ոչ թե 8, այլ 12 մահճակալ է դրված նշված բանտախցում: Բայց այդպես էլ նախարարությունը չէր բացատրել, թե ինչպես կարող են 27 բանտարկյալները քնել 12 մահճակալին՝ հերթո՞վ: Եւ այդ պայմաններում նախարարության քանի՞ աշխատակից քանի՞ օր կարող է ապրել:
Հետաքրքիր է՝ ՔԿՀ պետ Արթուր Օսիկյանը, բացի գեղեցիկ եւ արագ խոսելուց, ուրիշ ի՞նչ ռեալ քայլ է կատարում՝ տարբեր հանցագործությունների համար դատապարտված կամ կալանավորված քաղաքացիների կյանքը դժոխքի չվերածելու համար: Ի վերջո, բանտախցում բոլոր հայտնվածները չէ, որ հանցագործներ են, եւ ամենեւին պարտադիր չէ, որ նրանք բոլորը կտտանքների ենթարկվեն: Մի՞թե այդքան դժվար է «միջազգային ֆինանսական հոսքերի» ու նաեւ «սեւ շրջանառության» պայմաններում բանտարկյալների համար գոնե տարրական կենցաղային պայմաններ ապահովելը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՎԹԱՐՎԵԼ ԵՆ
Ապրիլի 17-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում, ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թովմասյանը:

 

ԱՐԴՅՈՒՆՔԻՑ ԳՈՀ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել ապրիլի 13-16-ը ԼՂՀ-ում անցկացված զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հավաքների եւ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփում, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ ուժային կառույցների ղեկավարներ: Վերլուծելով հավաքների եւ բազմաստիճան զորավարժության արդյունքները՝ նշվել է, որ դրանք անցկացվել են կազմակերպված ու բովանդակալից, կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները: Մի խումբ զինվորականներ պարգեւատրվել են:

 

ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ
Aravot.am-ի տեղեկություններով՝ հատուկ ջոկատայինները երկու օր է` միջոցառումներ են իրականացնում Գյումրիում՝ կապված մարտի սկզբին Քեթիի ձորակում հայտնաբերված 34-ամյա Սամվել Հակոբյանի, կամ որ առավել հայտնի է՝ Մոստիկի, նրա ընկերոջ՝ Քրիստ Վարդանյանի սպանության հետ: Նրանք հայտնաբերվել էին Քեթիին հարակից Փոքրաշեն գյուղի ձորակի մեջ՝ «Նիսան Տիանա» մեքենայի հետեւի նստատեղին: Մասնավորապես շարունակում են խուզարկություններ անցկացնել նրանց հետ առնչություն ունեցած մարդկանց տներում:

 

ԷԼԻ ԿԱՊՏԱԿԻ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ բացարկ հայտնել գործով դատախազին: Դատարանի որոշման հրապարակումից հետո Արամ Մանուկյանը հայտարարել է, որ չի հիշում դեպք, երբ ամբաստանյալի փաստաբանը պաշտպանի իրեն մեղադրող կողմին: Դատական նիստի ավարտից հետո, ամբաստանյալը պատասխանելով լրագրողի հարցին՝ կարո՞ղ է ուրիշին էլ ապտակեք, եթե տեսնեք, որ նախագահին վիրավորում է, ասել է. «Այո՛, որովհետեւ ինքը իմ գերագույն հրամանատարն է»:




Լրահոս