Սկսած 2007 թ. պետությունն իր վրա է վերցրել ազգային նվագարանների ուսուցման ծախսերը երաժշտական դպրոցներում. ազգային կամ ժողովրդական նվագարաններ դուդուկը, դհոլը, զուռնան, թառը, սազը, ուդը կամ քամանչան երեխաներին ուսուցանում են անվճար: Չնայած այս արտոնյալ վիճակին՝ որոշ ազգային նվագարանների մասով Գյումրիում հետաքրքրություն չկա. քաղաքում հատուկենտ են շվիահարները, թառահարները, քամանչահարները: Մասնագետները փաստում են՝ պատճառը կոմերցիան է. դեռահասը երաժշտության ասպարեզն ընտրում է՝ հաշվի առնելով այն, թե տվյալ երաժշտական նվագարանի միջոցով վաղը ինչքանով կկարողանա հաց վաստակել: Խորհրդային ժամանակներում Գյումրին ազգային կամ ժողովրդական համարյա բոլոր նվագարանների իր կատարողներն ուներ, կային համապատասխան մանկավարժական կադրեր երաժշտական դպրոցներում, արդյունաբերական հսկա ձեռնարկություններին կից գործող մշակույթի տներում ու մշակութային ակումբներում, որոնք այսօր վերացել են արդյունաբերական ձեռնարկությունների վերանալու հետ մեկտեղ: Խնդիրն առկա է նաեւ քաղաքի միակ ժողնվագարանների նվագախմբում, որտեղ առկա բացերը փորձում են լրացնել դասական գործիքներով:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի