«ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՉԷ, ՈՐ ԹՈՂԵԼ ԵՄ ՈԼՈՐՏԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել Ֆրանսիայում, նշում է, որ երկար ժամանակով Երեւանից հեռու ապրել չի կարողանում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր փարիզյան կենսակերպի, ապագայի պլանների մասին: Արեւիկն իրեն ֆրանսիացի չի համարում, նրա խոսքով` ինքը Երեւանից հեռացել է հանուն սիրո եւ դրա համար չի զղջում:

-Արեւի՛կ, Փարիզում շարունակում եք զբոսաշրջիկի հոգեբանությամբ ապրե՞լ, թե՞ արդեն Ձեզ ֆրանսիացի եք համարում: Ֆրանսերենը սերտելու գործընթացը դժվար չէ՞:
-Երբեք ինձ ֆրանսիացի չեմ համարի, պարզապես այստեղ` Փարիզում, փորձում եմ համակերպվել իմ նոր կյանքին: Լեզուն դժվարանում եմ սովորել, քանի որ երբեւէ ֆրանսերենին մոտ չեմ եղել, բայց պետք է պարտադիր յուրացնեմ: Ապրելով այստեղ` ինձ ինչ-որ առումով համարում եմ զբոսաշրջիկ, քանի որ Ֆրանսիայի շատ վայրերում դեռ չեմ եղել, եւ անգամ Փարիզի մեջ մի շարք նորություններ կան ինձ համար: Ինչպես այստեղ են ասում` մի ամբողջ կյանք չի բավականացնի` Փարիզն ամբողջությամբ ճանաչելու համար:
-Որքանով տեղյակ ենք` Ձեր ամուսինը ռեստորանատեր է: Գուցե ապահով եւ բարեկեցիկ կյա՞նքը նպաստեց, որ թողնեք Ձեր ոլորտը:
-Ես ոլորտը չեմ թողել բարեկեցիկ կյանքի համար: Երեւանից կիսով չափ հեռացել եմ հանուն սիրո. սրանք տարբեր բաներ են, եւ դա չէր լինի, եթե չհանդիպեի իմ ամուսնուն: Երբեք չեմ զղջացել իմ այս քայլի համար, քանի որ այն կարծիքին եմ, որ ավելին եմ ձեռք բերել` սեր, ընտանիք: Նախընտրում եմ լինել հրաշալի մայր եւ կին իմ ընտանիքի համար:
-Նույնիսկ փոքրիկ գնումները երջանկացնում են Ձեզ, Դուք ակտիվորեն տեղեկացնում եք դրանց մասին սոցցանցերում, իսկ մարդիկ երբեմն մեղադրում են Ձեզ ցուցամոլության մեջ, ի՞նչ կասեք:
-Այո՛, ինձ կարող են երջանկացնել անգամ շատ փոքրիկ երեւույթները, գնումները: Սիրում եմ գնումներ կատարել, ինչպես ցանկացած կին, բայց երբեք չեմ ցուցադրում գնածս, որ մարդիկ տեսնեն` ես դա ունեմ: Ես այս հարցին նայում եմ նորաձեւության տեսանկյունից: Instagram-ում ինձ հետեւողները միշտ դրական մեկնաբանություններ են թողնում լուսանկարներիս ներքո` խոսելով իմ ճաշակի եւ ոճի զգացողության մասին. հակառակը չեմ լսել:
-Ժամանակին մտածում էիք Ձեր ատելիեն ունենալու մասին: Երեւանում չստացվեց, գուցե Փարիզո՞ւմ ստացվի:
-Փարիզում անհատական հագուստ կարելը շատ թանկ արժի, ուստի ես չեմ ծրագրում այստեղ նման գործ ձեռնարկել: Փոխարենը միշտ երազել եմ Երեւանում սեփական showroom ունենալու մասին, ու թեեւ դա չստացվեց իմ տեղափոխվելու պատճառով, այնուամենայնիվ, այդ մտքից չեմ հրաժարվել:
-Որոշ երգչուհիներ ժամանակին առաջարկել էին Ձեզ դառնալ իրենց ոճաբանը, ինչո՞ւ մերժեցիք նրանց: Հնարավո՞ր է՝ երբեւէ նման առաջարկ ընդունեք:
-Նրանք սկսնակ երգչուհիներ էին, որոնք այսօր բավականին մեծ ճանաչում ունեն: Նման առաջարկներ կընդունեի, եթե մնայի եւ աշխատեի Երեւանում, բայց հիմա բավարարվում եմ օնլայն շփումների միջոցով խորհուրդներով փոխանակվելով, իսկ երբ լինում եմ Երեւանում, սիրով օգնում եմ բոլորին, ովքեր ինձ դիմում են:
-Իսկ երբեւէ Ձեր քրոջ հետ աշխատելու, նրա պրոդյուսերը դառնալու մասին մտածե՞լ եք, կամ նրա հետ դուետով հանդես գալու մտադրություն ունե՞ք:
-Քրոջս գործերով զբաղվում է իր ամուսինը: Նախկինում մտածում էինք միասին հանդես գալու մասին, բայց, քանի որ ոճային առումով տարբերվում էինք, անընդհատ երկմտում էինք: Ցավոք, միասին հանդես գալու մտադրությունը դեռ չի իրականացել, բայց ցանկությունը մնացել է. գուցե ապագայում նման բան լինի: Ե՛վ ես, ե՛ւ հայրս ու Անուշիկը («Ակունք» ազգագրական երգի եւ պարի համույթի գեղղեկավար Սարգիս Ալավերդյանը. հեղ.) շատ ենք ցանկանում երեքով հանդես գալ, կարծում եմ` դա էլ կիրականացվի:
-Նշել եք, որ ցանկություն ունեք խաղալ ֆիլմում, Ձեզ ինչպիսի՞ կերպարում եք պատկերացնում:
-Լավ ֆիլմում նկարահանվելը հրաշալի կլիներ, սիրում եմ թեթեւ, «կյանքային» ֆիլմեր, կոմեդիաներ, կուզենայի մարմնավորել նաեւ ուժեղ կանանց կերպարներ:
-Գիտենք, որ շատ եք սիրում երեխաների, չե՞ք պատրաստվում Ձեր բալիկներն ունենալ:
-Բալիկների մասին, իհարկե, մտածում ենք, Աստված առաջ: Ամուսինս շատ է սիրում Երեւանը, ասում է` հենց թոշակի անցնեմ, գնալու ենք Երեւանում ապրենք, ես հավատում եմ (ծիծաղում է), իսկ մինչ այդ կբավարարվենք հաճախակի այցերով, Երեւանից հեռու երկար ապրել չեմ կարողանում:

 

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ «ՇԱՆԹ»-Ի ՆՈՐ ՍԵՐԻԱԼԻՑ

Վերջերս «Ֆեյսբուք» սոցցանցում մի խումբ է բացվել` «Ալավերդցիները բողոքում են «Շանթի» նոր սերիալից» անվանումով: Խմբի անդամները կոչ են անում բոլոր ալավերդցիներին բոյկոտել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» նոր սերիալը:

«Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երեւան է գնացել: Այն կերպարը, որ մարմնավորում է աղջիկը, հեռու է ալավերդցու կերպարից: Բացի այդ` սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ մեզ ներկայացնում են գյուղատիպ, անճաշակ, միամիտ: Մենք պահանջում ենք, որ սերիալի սցենարիստները, ռեժիսորը անհապաղ դադարեն Ալավերդու անունը օգտագործել իրենց սերիալում: Պահանջում ենք նաեւ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ներողություն խնդրի ալավերդցիներից»,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց սերիալում լոռեցու դերակատարուհու` Անահիտ Կիրակոսյանի հետ, ով նշեց, որ իրենք խնդիր չունեն որեւէ մեկին ծաղրելու, պարզապես իրենց առջեւ նպատակ են դրել ստեղծել հումորային սիթքոմ. «Նախ` ես մարմնավորում եմ գյուղացի աղջկա, եւ եթե իմ կերպարն իր խոսքում նշել է, թե Ալավերդիում մազերը լավ են սարքում, դա դեռ չի նշանակում, որ ինքն ալավերդցի է: Ինքս անձամբ բնիկ լոռեցի եմ, ծնվել եմ Վանաձորում, եւ ծիծաղելի կլիներ, եթե ծաղրեի ինքս ինձ: Ես հպարտ եմ, որ լոռեցի եմ եւ հարգում եմ լոռեցիներին»,-ասաց նա:
Դերասանուհու խոսքով` կերպարը գրոտեսկային է, համեմված է հումորով, տարօրինակ շարժուձեւով. «Վերցված է կյանքի կերպար, որը չափազանցված է, այն չի կարելի համեմատել իրական լոռեցու կերպարի հետ. սա գեղարվեստական կամ վավերագրական ֆիլմ չէ: Հակառակ դեպքում` մեր սերիալի դեմ կարող են բողոքել, օրինակ, բոլոր սելֆի անող աղջիկները, քանի որ մենք ունենք նաեւ նման գրոտեսկային կերպար: Երբ, օրինակ, «Քաղաքում» սերիալի դերասաններից մեկը մարմնավորում էր Համբարձումին, եւ այդ կերպարը եւս ուներ գրոտեսկային տարրեր, ոչ մի երեւանցի չնեղացավ դրանից: Թող չվիրավորվեն նրանք, ովքեր այդպիսին չեն, ինչո՞ւ են իրենց վրա վերցնում, չեմ հասկանում»,-նշեց Անահիտը:
Դերասանուհին նաեւ հավելեց, որ իր կերպարը շարունակելու է ապրել, ներկայանալ այնպես, ինչպես նախկինում, իսկ ում սերիալը դուր չի գալիս, կարող է պարզապես չդիտել այն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՀԱՄԵՐԳՈՎ
Ապրիլի 19-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգան «Armenian Navy Band»-ը եւ Արտո Թունջբոյաջյանը: Ապրիլի 17-ին հրավիրված ասուլիսի ժամանակ կազմակերպիչները նշել են, որ համերգը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ի դեպ, համերգի ընթացքում հանդես կգա նաեւ երգիչ Գոռ Սուջյանը: Արտո Թունջբոյաջյանը նշել է, որ համերգի միջոցով մտադիր է շոշափել այն թեման, թե ուր էինք մենք, ուր ենք հասել եւ ուր պետք է գնանք:

 

ՔԵՀԵՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
85 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը: Նա 1949-ից մինչեւ 1971թթ. հանդես է եկել Երեւանի «Դինամոյում», «Սպարտակում», ապա «Արարատում»: Հետագայում եղել է «Արարատի» մարզչական շտաբում: Վերջին տարիներին Քեհեյանը «Հրազդան» մարզադաշտի տնօրենն էր:

 

ՔԻՄՆ ՈՒ ՔԱՆՅԵՆ ԱԶԴԵՑԻԿՆԵՐԻՑ ԵՆ
Time-ը կազմել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Պարբերականը նրանց բաժանել է ըստ հետեւյալ կատեգորիաների` «Տիտաններ», «Նորարարներ», «Արվեստի գործիչներ», «Առաջնորդներ» եւ «Կուռքեր»: Այսպիսով` «Տիտաններ»-ի շարքում հայտնվել են նաեւ Քանյե Ուեսթն ու նրա կինը` Քիմ Քարդաշյանը: Գործարար Մարթա Ստյուարտը, գովաբանելով մեր հայրենակցուհուն, նշել է. «Քիմից բխում է էներգիա, սեքսուալություն, դրամատիզմ, վստահություն եւ երջանկություն»: Իսկ Ուեսթի մասին գործարար Էլոն Մասկը հետեւյալ կերպ է արտահայտվել. «Քանյեն կեղծ համեստությանը չի հավատում, եւ պետք էլ չէ: Նա հավատում է իրեն եւ իր նպատակասլաց լինելուն, եւ հենց այդ է պատճառը, որ նա առաջինն է այս ցուցակում»:
Նշենք, որ ամենաազդեցիկ 100 հայտնիների ցուցակում հայտնվել են նաեւ Էմմա Ուոթսոնը, Ռիզ Ուիզերսփունը, Թեյլոր Սվիֆթը, Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ այլք:

 

ՍԵԼՖԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Կաննի փառատոնի ընթացքում արգելվել է սելֆի անել: Այդ մասին հայտարարել է փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն աստղերին, այլեւ հանդիսատեսին: Ֆրեմոյի պատճառաբանությամբ` սելֆիներում աստղերը տգեղ տեսք են ունենում, բացի այդ` սելֆիների պատճառով հյուրերի մուտքը դանդաղում է: «Մենք արգելել ենք սելֆի անել կարմիր գորգի վրա: Մենք դրանից զերծ կմնանք, իսկ նրանք, ովքեր կարհամարհեն կանոնը, գործ կունենան անվտանգության աշխատակիցների հետ»,-նշել է Ֆրեմոն:




Լրահոս