ԿՐԿՆԱԿՈՒՍԱԶՐԿԵՑ ՈՒ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՉՏԱՐԱ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հասունացման շրջանը վտանգավոր տարիք է անչափահասների համար, եւ ծնողներից կրկնակի ուշադրություն, զգոնություն է պահանջվում՝ երեխաներին ամենատարբեր վտանգներից զերծ պահելու համար: Սակայն համացանցի ընձեռած լայն հնարավորությունները ծնողներից օպերատիվ-հետախույզի ընդունակություններ եւ ջանքեր են պահանջում, որը մի շարք առումներով (համակարգչային տեխնիկային չտիրապետել, անձնական փոստի գաղտնիություն եւ այլն) արդեն սահմանափակում է ծնողի հսկողական հնարավորությունները… Ու երեխան հայտնվում է ճակատագրական սխալ գործելու վտանգի առաջ: 
Երեւի հենց այդպես էլ անչափահաս Ադելինան (տուժողի անունը փոխված է) հայտնվել է ծնողների ուշադրության լուսանցքում: Երեւանի բնակիչ 15-ամյա Ադելինան պարապությունից համացանցի միջոցով սովորականի պես ծանոթություններ է հաստատել անծանոթ տարեկիցների հետ եւ այս տարվա ձմռանը ծանոթացել գյուղացի մի տղայի՝ Սամսոնի (ամբաստանյալի անունը փոխված է) հետ: Վերջինիս հետաքրքրությունը շարժել է Ադելինայի կայքէջում անվան դիմաց գրված ,սիրուն աղջիկըե: Պարզվել է՝ դա Ադելինան է, որը, ծանոթանալու առաջարկ ստանալով Սամսոնից, հաստատել է նրա ընկերությունը եւ իրեն ու գյուղացի տղային գցել կրակը: Քանի որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Սամսոնի համար ձմռանը մի քիչ դժվար է եղել Երեւան գալը, Ադելինան ու Սամսոնը մոտ չորս ամիս շփվել են “սկայպի” ու բջջային հեռախոսի միջոցով: Ադելինան շփման ընթացքում Սամսոնին հայտնել է, որ ինքը ընկեր ունի, արժանի չէ իրեն ու կույս չէ: Սամսոնն առաջարկել է հանդիպել, Ադելինան էլ չի մերժել: 
Առաջին անգամ հանդիպել են 2012թ. ապրիլի վերջերին Ադելինայի դպրոցի մոտ: Այդտեղից զբոսնելով գնացել են Արաբկիրի այգի, որտեղ զրուցել են, քայլել, հետո Սամսոնը Ադելինային ճանապարհել է տուն, ինքն էլ գնացել Վանաձոր: Երկրորդ անգամ նրանք հանդիպել են դրանից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 7-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում: Միասին գնացել են իրենց սիրած Արաբկիրի այգի՝ զբոսնելու: Զրուցել են, քայլել այգում, որի ընթացքում անցնելով ծառուղիներից մեկով՝ Սամսոնն առաջարկել է Ադելինային գնալ եւ նստել ձախ կողմում՝ ճանապարհից ներս՝ ծառերով եւ թփերով շրջապատված մի վայրում: Անչափահաս աղջիկն էլ համաձայնել է: Նստել են խոտերի վրա, գրկել իրար, համբուրվել, որի ընթացքում տղան հանել է իր եւ Ադելինայի հագուստները, եւ նրանց միջեւ տեղի է ունեցել սեռական հարաբերություն: Դրանից հետո Սամսոնը, տեսնելով, որ Ադելինայի վրա արյան հետքեր կան, հանել է իր շապիկը, սրբել ու նետել այգում: Հագնվել են, դուրս եկել իրենց թաքստոցից, եւ հենց այդ ժամանակ Սամսոնին է զանգել նրա ընկեր Սասունն ու հայտնել, որ շատ կարեւոր ու շտապ գործ ունի` խնդրելով, որ Սամսոնը միանա իրեն: Վերջինս անչափահասին հայտնել է ընկերոջ կանչի մասին եւ աղջկան թողնելով Կոմիտասի փողոցի կանգառներից մեկի մոտ՝ հեռացել է տաքսիով: Միայն մինչ այդ հասցրել է ասել Ադելինային, որ սպասի իր եղբորը, որը քիչ հետո կգա իր հետեւից եւ կտանի իրենց տուն` ծանոթացնելու իր հարազատների հետ: 
Խեղճ Ադելինան, հավատալով Սամսոնին, կանգառում սպասել է 3 ժամ, սակայն ոչ ոք չի եկել նրան Մարգահովիտ տանելու: Զանգել է Սամսոնին, սակայն նրա հեռախոսն անջատված է եղել: Արդեն հուսահատված Ադելինան անջատել է իր բջջային հեռախոսը, մոլորված ու միայնակ զբոսնել, մինչեւ որոշի իր անելիքը: Հետո միացրել է հեռախոսը, զանգել իր ընկերներից Արթուրին, ասել, որ կռվել է տնեցիների հետ եւ չի ուզում տուն գնալ: Արթուրը, տեղյակ լինելով, որ Ադելինան գիշերելու տեղ չունի, առաջարկել է գալ իր աշխատանքի վայր եւ մնալ իր հետ Արգավանդի խճուղում գտնվող խանութում մինչեւ հաջորդ օրը: Ադելինան գնացել է Արթուրի մոտ ու գիշերել այնտեղ: Հաջորդ օրը` 2012թ. մայիսի 8-ին, Արթուրը նրան ճանապարհել է Երեւան եւ ասել, որ սպասի Բաղրամյան փողոցում գտնվող Սիրահարների այգում, մինչեւ ինքը վերջացնի իր աշխատանքը եւ գա իր մոտ: Սիրահարների այգում Ադելինան միացրել է բջջային հեռախոսը, եւ մինչ Արթուրի գալը, Ադելինային են զանգահարել Արաբկիրի ոստիկանները եւ իմանալով նրա տեղը՝ եկել են ու հրավիրել ոստիկանության բաժին՝ պարզելու, թե նա ինչու գիշերը տուն չի գնացել:  
Դատարանում Սամսոնը լիովին ընդունել է մեղքը (16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը)՝ նշելով, որ իմացել է, որ տուժողը 15 տարեկան է եւ նրա համաձայնությամբ է սեռական հարաբերություն ունեցել: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ մեղավոր է ճանաչել 22-ամյա Սամսոնին եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյան, Սամսոնի պաշտպանը խնդրել է փոփոխել այն եւ պատիժ սահմանել՝ հանցակազմի սանկցիայի առավել նվազ պատժի սահմաններում: Նշյալ հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս