Այսօր` ապրիլի 22-ին, Վլադիմիր Իլիչ Լենինի ծննդյան օրն է: Վլադիմիր Իլյայի Լենինը ռուս հեղափոխական գործիչ էր և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից։ Վ. Լենինի կողմից մարքսիստական փիլիսոփայության հետագա զարգացման շնորհիվ այդ հեղափոխական ուսմունքը կոչվեց «մարքսիզմ-լենինիզմ»։
Լենինը վճռորոշ դեր է խաղացել Ռուսաստանի և Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև Բրեստի խաղաղության պայմանագիրը (1918 թվականի մարտի 3-ին) կնքելիս։ Նույն օրը ծանր վիրավորվել է ահաբեկչական գործողության հետևանքով։ Քաղաքացիական պատերազմի (1918–1920 թթ.) տարիներին եղել է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը։ Հավանություն է տվել հակահեղափոխության և նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը, որը բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու՝ վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները։
Այդ քաղաքականությունը հանգեցրեց միակուսակցական համակարգի առաջացմանը, ընդդիմադիր անվանի մտավորականների արտաքսմանը երկրից։ Ռուսաստանում սկսված սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1921 թվականին որդեգրել է նոր տնտեսական քաղաքականություն, որը հնարավորություն էր տալիս մասամբ ազատականացնել նյութական արտադրության ոլորտը։ 1922 թվականին հիվանդացել է և այլևս չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
Լենինը Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր և ձգտել է դրանք կիրառել Ռուսաստանի հասարակական զարգացման խնդիրները լուծելու համար։ Ընդունելով ռուս մարքսիստների տեսակետն այն մասին, թե երկիրը թևակոխել է զարգացման կապիտալիստական ուղի, նա պաշտպանել է բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտությունը Ռուսաստանում և նրա վերափոխումը սոցիալիստական հեղափոխության։
Հեղափոխական պայքարի հիմնական միջոցը Լենինը համարել է պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցության ստեղծումը՝ ի տարբերություն դումայական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների։ Առաջ է քաշել կապիտալիզմի զարգացման բարձրագույն՝ իմպերիալիզմի փուլին անցնելու գաղափարը և դրա հիման վրա եզրակացրել, որ Եվրոպայի առաջավոր երկրները հասունացել են համաշխարհային սոցիալիստական հեղափոխության համար, որը պիտի սկսի Ռուսաստանը՝ որպես համաշխարհային իմպերիալիստական համակարգի ամենաթույլ օղակ։ Խորհրդարանական ժողովրդավարության փոխարեն պաշտպանել է պրոլետարիատի (չունևոր բանվոր դասակարգ) դիկտատուրան՝ որպես սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման գործիք։ Լենինի մահվանից հետո նրա մշակած տեսությունը ԽՍՀՄ-ում և մի շարք սոցիալիստական երկրներում կանոնակարգվել և կոչվել է լենինիզմ։
Լենինը և Հայաստանը
Լենինը տարբեր առիթներով անդրադարձել է հայ ժողովրդի և Հայաստանի համար ճակատագրական նշանակության հարցերին։ Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ճանաչված հայ մարքսիստներ Իսահակ Լալայանցի, Բոգդան Կնունյանցի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի և ուրիշների հետ։ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Լենինի ստորագրությամբ ընդունել է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով պաշտպանում էր հայերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ լիակատար անկախությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918 թվականներ) ժամանակ ռուսական զորքերի գրաված Հայաստանի տարածքում։ Սակայն, իր իսկ նախաձեռնությամբ զորքերն այդ տարածքից դուրս բերելով, զրկեց այդ դեկրետն իրագործելու հնարավորությունից։
Լենինի գլխավորած կառավարությունը ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–1920 թվականներ), սակայն միաժամանակ ձգտել է այնտեղ հաստատել խորհրդային կարգեր և Խորհրդային Ռուսաստանի գերիշխանությունը։ Առաջնորդվելով համաշխարհային սոցիալիստական հեղափոխության մոտալուտ հաղթանակի գաղափարներով՝ մերձեցել է քեմալական Թուրքիային և, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Հայաստանի Կարսի մարզը և Սուրմալուի գավառը զիջել է Թուրքիային։ Հայ ժողովրդի շահերը ոտնահարվել են նաև 1921–1923թթ.` Անդրկովկասում ազգային տարածքային խնդիրների լուծման ժամանակ. Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնվել են Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին։ Լենինի երկերը հայերեն հրատարակվել են 1903 թվականից։ Լենինի անունով էին կոչվում Գյումրի քաղաքը (1924–1990 թվականներին՝ Լենինական), հանրապետության խոշոր քաղաքների գլխավոր հրապարակներն ու փողոցները։