Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի հրամկազմը: Խորհրդակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ազգային բանակում իրականացվող տարաբնույթ միջոցառումների, զգոնության բարձրացման խնդիրների, վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագծում տիրող օպերատիվ իրավիճակի քննարկմանը:
Ներկայացնելով խորհրդակցության աշխատանքային օրակարգը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը՝ մատնանշելով հայոց բանակի բացառիկ դերը՝ որպես հայ ժողովրդի անվտանգության ապահովման և Հայոց ցեղասպանության նման դաժան ոճրագործությունների կանխարգելման երաշխավոր:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին:
Վերը նշված հարցերի վերաբերյալ տեսակապի միջոցով կարճ զեկույցներ են ներկայացրել բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Պատասխանելով պաշտպանության նախարարի հարցադրումներին՝ զեկուցողները փաստել են, որ իրենց ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներն արդեն անցել են ամառային ռեժիմի, համաձայն ուսումնական պլանի՝ շարունակվում են գործնական ու տեսական պարապմունքներն ու մասնագիտացված դասընթացները: Այս ամենից զատ՝ զորամասերը լայնորեն ներգրավված են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված միջոցառումներին՝ սերտորեն համագործակցելով նաև դպրոցների և ԲՈՒՀ-երի հետ:
Խորհրդակցության ավարտին եզրափակիչ ուղերձով հանդես է եկել Սեյրան Օհանյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայոց բանակի ներգրավվածության անհրաժեշտությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվող միջոցառումներին: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարի կողմից տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: