Քաղաքականապես անցանկալի անձանց նկատմամբ հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող մեխանիզմները ժամանակի ընթացքում չեն փոխվել, և Եվրադատարանի վճիռներն ու որոշումները ևս չեն բարեփոխել ավանդույթները: Armlur.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց իրավիճակը «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող, կալանավորված Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը` անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից Ժ. Սէֆիլյանի հեռախոսազանգերի գաղտնալսումներին. «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը հիմնավորող փաստ դատարան է ներկայացվել Սէֆիլյանի հեռախոսազանգերի գաղտնալսումների վերծանումը: Ըստ ներկայացված նյութերի, իսկ դրանք կարող են ամբողջական չլինել, գաղտնալսումները սկսվել են դեռևս 2014 թվականի մայիսից: Այնտեղ առկա են հեռախոսազրույցներ բազմաթիվ մարդկանց հետ»,- ներկայացրեց Տ. Եգորյանը` հավելելով, որ ընդդեմ դրա` իրենք վկայակոչել են Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածին, այն է` երբ խախտվում են մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքները:
Այդ նույն խախտումը, փաստաբանի փոխանցմամբ, իրավապահները Ժ. Սէֆիլյանի նկատմամբ արել են նաև 2006 թվականին: Այս դեպքը ՄԻԵԴ-ը խախտում էր ճանաչել և կայացրել որոշում ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Տիգրան Եգորյանը նկատեց, որ ՀՀ-ն կրկնում է անցյալի սխալը և համոզմունք հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս դեպքը ևս խախտում կճանաչի:
Armlur.am-ի հարցին` ինչպես է վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել և պատճատաբանել գաղտնալսումներ իրականացնելու անհրաժեշտությունը, Տ. Եգորյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ այդ հարցն իրենց ևս շատ է հուզում: «Մեզ հասանելի քրեական գործի նյութերում այդ մասով պարունակություն չկա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Իսկ ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ չի բացառվում` իր և մյուսների հեռախոսազանգերը ևս գաղտնալսված լինեն. «Կասկած չունեմ, որ արվել են որոշակի գաղտնալսումներ: Պատճառն, իհարկե, այն է, որ մենք ապրում ենք բռնապետական երկրում: Եվ այստեղ առանց որևէ պատճառի կարող են գաղտնալսել մարդու հեռախոսազանգերը»:
Եղնուկյանի խոսքով` առաջադրված մեղադրանքներում գաղտնալսումների վրա հիմնվելու մասին որևէ բան չկա: Նա համոզված է, որ դրանց վրա իրավապահները չեն հիմնվել և չեն հիմնվում, քանի որ իրենց հեռախոսազրույցներում չկա որևէ դրվագ, ինչը օրենքի խախտման մասին կարող է վկայել: «Մենք գաղտնիք չենք ունեցել, մեր խոսակցությունները երբևէ օրենքի սահմանները չեն անցնել, դրանց վրա չէին կարող հիմնվել և չեն էլ հիմնվում»,- ասաց Կարո եղնուկյանը:
Հիշեցնենք, որ ՀԽ անդամների նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք է ընտրվել ապրիլի 10-ին, իսկ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում այդկերպ կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: