«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները վերջին օրերին փորձում են քրեական աշխարհի ներկայացուցիչների միջոցով ճնշումներ գործադրել «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանքի տակ գտնվող անդամների վրա: Ըստ այդ լուրերի՝ քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիան դատապարտվածների շրջանում լուրեր է տարածում, թե իբր եթե «Հիմնադիր խորհրդարանի» գործոնը չլիներ, ապա մինչեւ ապրիլի 24-ը համաներում էր լինելու: Բայց համաներում չի լինի, քանի որ այդ դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամները եւս ազատ կարձակվեն:
Այդ պատճառով քրեական տարրերը սկսել են խնդիրներ առաջացնել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների համար՝ ասելով, թե նրանց պատճառով իրենք մնացել են բանտում: Կալանավորվածների պաշտպան Տիգրան Եգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը՝ հավելելով. «Այս տեսանկյունից «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից առավել վտանգված են Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուքասզյանը, քանի որ նրանք գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: