Արա Աբրահամյանը տեղյա՞կ է, թե ինչու է Մոսկվայի քաղաքապետարանն արգելել հայերին Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց անել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Լեւոն Մուկանյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է նախօրեին Մոսկվայի քաղաքապետարանն արգելել հայերին բողոքի ակցիա անցկացնել ՌԴ-ում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ:

-Պարո՛ն Մուկանյան, տեղյա՞կ եք, թե ինչու է Մոսկվայի քաղաքապետարանն արգելել մոսկվաբնակ հայերին բողոքի ակցիա անել ՌԴ-ում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ:

-Ցանկացած հասարակական ակցիա, որն անցկացվում է կամ կազմակերպվում, պետք է անպայման նախօրոք համաձայնեցվի: Միգուցե նախապես համաձայնեցված չի եղել: Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ:

-Իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տեղյա՞կ է, թե ինչն է խնդիրը:

-Նայեք, Մոսկվայի ղեկավարությունը ավելի քան 30 միջոցառում է անցկացնում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Ինչ վերաբերում է երեկվա ակցիային, մենք տեղյակ չենք, թե ինչու է արգելվել: Եթե մարդիկ հավաքվել են այնտեղ՝ Թուրքիայի դեսպանատան առաջ… բայց այն նախապես համաձայնեցված չի եղել, ապա, ըստ գործող օրենսդրության, նրանք իրավունք չունեն անցկացնել կամ կազմակերպել ակցիա: Ընդհանրապես, թե՛ Հայաստանում  եւ թե՛ Ռուսաստանում այդպես է կարգը. նախօրոք պետք է համաձայնեցնել, նոր անցկացնել»:

Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Մոսկվայի քաղաքապետարանը չի թույլատրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին բողոքի ցույց անցկացնել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ: Քաղաքապետարանը բացասական պատասխան է տվել Ռուսաստանում հայերի միության դիմումին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ այս տարի ևս ավանդական բողոքի ցույցն անցկացնելու առթիվ:




Լրահոս