«Առավոտ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի իշխանությունների մտահղացումը՝ «ի հեճուկս հայերի» ապրիլի 24-ին անցկացնել սեփական միջոցառումը, չէի ասի, որ շատ փայլուն գաղափար էր: Ցանկացած քայլ, որի նպատակն է ինչ-որ բանից ուշադրություն շեղելը, ինչ-որ բանի հակադրվելը, ուզես չուզես՝ սևեռում է մարդկանց ուշադրությունը հենց այն իրադարձության վրա, որը դու ցանկանում էիր ստվերել: Եթե դու հանցագործություն ես կատարել, ապա ավելի լավ է, իհարկե, որ մեղքդ խոստովանես: Բայց եթե պատրաստ չես խոստովանել, ապա գերադասելի է՝ լռես: Իսկ ամենավատ տարբերակն է հանցագործության օրը ցուցադրական «քեֆեր» կազմակերպելը: Դա նույնպես հանցագործությունը խոստովանելու անուղղակի ձև է:
Թուրքիայի միակ օգուտը կլինի այն, որ մենք՝ հայերս, բարդույթավորվենք այն կապակցությամբ, թե ովքեր են գնալու «հանցագործի քեֆին», իսկ ովքեր են գալու Երևան: Այն հանգամանքը, որ Թուրքիա են մեկնելու նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր երկրների ղեկավարները, խկ Սերբիայի նախագահը գալու է Երևան, խոսում է այն մասին, որ աշխարհաքաղաքական առումով որոշ բաներ առանձնապես չեն փոխվել: Հիշենք,մասնավորապես, որ Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկը հենց Բալկաններն էին, իսկ առիթը դարձավ Սարաևոյում հնչած կրակոցը:
100 տարվա ընթացքում էական փոփոխություն չի կրել Բրիտանիայի քաղաքականությունը: Այդ երկրի նավատորմը առաջվա պես չի կարող բարձրանալ մեր լեռնաշխարհը, բայց մեծ հաճույքով լողում է Միջերկրական ծովում՝ որսալով նավթային հոսքերը: Անսպասելի և գոնե ինձ համար ոչ այնքան հասկանալի դրական շրջադարձ են կատարում Գերմանիան և Ավստրիան, որոնք նայնպես 100 տարի առաջ Թուրքիայի դաշնակիցներն էին: Ռուսաստանը շարունակում է այսպես թե այնպես մնալ մեր դաշնակիցը, թեև՝ նույնքան «հուսալի», որքան մեկ դար առաջ էր։ Բայց բոլոր դեպքերում հաշվել, թե քանի հոգի է գնացել այստեղ և այնտեղ, և այդ հողի վրա մրցավազք սկսել՝ անիմաստ է: Սա այն դեպքն է, երբ որակը շատ ավելի կարևոր է, քան քանակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։