
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանը այն երկրներից, որոնք դեռևս չեն ճանաչել Ցեղասպանությունը, հայտարարեց, թե Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա:
Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ միայն մեր կազմակերպվածության շնորհիվ կարող ենք հաջողությունների հասնել: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կտա այս ֆորումը և ինչ նշանակություն կունենա` ԱԺ նախագահը նշեց.
«Նմանատիպ ֆորումները բարձրաձայնում են և աշխարհը ճանաչելի է դարձնում իր համար երևույթը»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԵՏՄ անդամ երկրներից նախագահի մակարդակով ապրիլի 24-ին Երևանում է լինելու միայն ՌԴ-ն, Գալուստ Սահակյանը նշեց. «Պիտի հարցնեք իրենց: Բոլոր երկրներն էլ ինչ-որ ներկայացուցիչներ ունեն, այնպես որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր ներկայանալու ձևը»: