Թուրքիայի համար միակ անակնկալը Պուտինի` Հայաստան գալն է. թուրք լրագրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք լրագրող Սելահաթին Սևինն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հռոմի պապի մատուցած պատարագից հետո Թուրքիայում ավելի շատ են սկսել խոսել Հայոց ցեղասպանության մասին:

«Հռոմի պապի հայտարարությունը նպաստեց, որպեսզի հասարակության մի փոքր ավելի շատ հատված լսի և խոսի այդ թեմայի մասին, քանի որ բոլոր թերթերը գրեցին այդ մասին: Հասարակությունում այս օրերին ավելի շատ է օրակարգում Հայոց ցեղասպանության հարցը: Եվ որքան այստեղ են խոսում և քննարկում, այնքան էլ Թուրքիայում», – ընդգծեց նա:

Այն դիտարկմանը, թե ինչու Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն այս տարի հենց ապրիլի 24-ին է անցկացվում, թուրք լրագրողը նշեց. «Թուրքիայում երկու օր է տևելու միջոցառումները` ապրիլի 24-ին և 25-ին: Մտածելով Հայաստանում անցկացվող միջոցառումների մասին, որոշեցին փոքր ինչ-կերպով բալանսի բերել: Նաև կարելի է մեկնաբանել այնպես, որ մտածում ենք անվտանգության մասին: Քանի որ մեծ թվով նախագահներ են լինելու, ապրիլի 24-ին կնշվի պետական մակարդակով»:

Սահինը նշեց, թե Թուրքիայի համար անակնկալ է եղել միայն այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրեց գալ Հայաստան: «Պետք չէ շատ ավելի կարևորություն տալ, քան իրականում կա: Այնպիսի մարդիկ են գնալու, որոնք որևէ ճակատագրական նշանակություն չեն կարող ունենալ: Բոլորս էլ գիտենք, որ Օբաման, ով ամենակարևոր հյուրն է` ո´չ այնտեղ է լինելու, ո´չ այստեղ: Միակ անակնկալը` Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող ՌԴ նախագահի այցն է Հայաստան», – ընդգծեց նա:

Այն դիտարկմանը, թե այդ հանգամանքը կարո՞ղ է խանգարել ռուս-թուրքական հարաբերություններին, նա նշեց. «Ոչ, տնտեսական շատ լուրջ կապեր ունեն իրար հետ, չեմ կարծում, որ կփչանա, ուղղակի անակնկալ էր»:




Լրահոս