Օբաման չի ճանաչի Ցեղասպանությունը. Հայ դատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը», – հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի պարզ` դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարում է Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը` հավելելով. – «Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, նախագահ Օբաման, ցավոք, ԱՄՆ հեղինակությունն օգտագործում է ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ օտար երկրի տաբուն ամրապնդելու համար»:

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո ամերիկահայերը հայտարարում են` «Օբաման Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը Ռեջեփ Էրդողանին է հանձնել»: Հանձնախումբը միաժամանակ հիշեցնում է, որ մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը նա ամերիկահայերին բոլորովին այլ` հստակ և միանշանակ խոստում էր տվել:

«2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում Օբաման գրել էր. – «Փաստերն անժխտելի են: Երերուն է այն քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը: Որպես սենատոր` ես վճռականորեն սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և որպես նախագահ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», – Օբամայի խոսքերն է մեջբերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Սպիտակ տունը հայտնել է նաև, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակությունը գլխավորելու է ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, դրանում ընդգրկված կլինեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը, ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի «Կանչելյան» Սփայերը, Ֆրենք Փալոնը, Աննա Էշուն և Դեյվ Թրոթը:




Լրահոս