
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառմանը, որին մասնակցել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը:
Միջոցառման առաջին հատվածում գեղարվեստական ակնարկ է եղել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրականացրած արևմտահայության բնաջնջման ծրագրին: Գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում հնչել են հատվածներ Սուրբ պատարագից, ինչպես նաև հայ դասական գրողների ստեղծագործություններից: Միջոցառմանը անմիջականորեն ներգրավվել են Էրեբունի վարչական շրջանի պարային համույթներ, դպրոցների աշակերտներ, շնորհաշատ բնակիչներ:
Հեղինակային երգերով հանդես է եկել գուսան Հայկազունին: Ցերեկույթն ինքնին ոգեկոչման, սակայն նաև վերածննդի խորհուրդ է ամփոփել, ըստ այդմ էլ եզրափակիչ հատվածը ամբողջությամբ նվիրված է եղել հայ ժողովրդի ազատատենչ ոգուն, Սարդարապատի և այլ հերոսամարտերում մեր տարած պատմական հաղթանակներին: Վերջում միջոցառումը դահլիճից ունկնդրող ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից միջոցառման համար և Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատությունները նվիրաբերել ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին: