ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել այն, ինչ ցանկանում է լսել Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ի շուրջ օղակը գնալով կսեղմվի: Կացնային մեթոդներով քաղաքական դաշտին հնազանդեցնելու քաղաքականություն բանեցնող Ս. Սարգսյանի ռեժիմն արդեն անցել է կոմպրոմատների պատերազմի՝ երեւան հանելով տարաբնույթ փաստաթղթեր: Երեկ «Առաջին լրատվական»-ը հրապարակեց մի լուր, որ իրենք փաստաթուղթ ունեն, ըստ որի՝ Գ. Ծառուկյանը 80-ականներին ազատազրկվել է բռնաբարության համար եւ իր պատիժը կրել Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի միլիցիոներների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Ու քանի որ աշխատել է պարեկապահակային ծառայությունում, պատիժը կրել է հատուկ իրավապահների համար նախատեսված կալանավայրում եւ լավ վարքի համար վաղաժամկետ ազատ արձակվել: Իսկ արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք արդարացվել է ՀՀ Գերագույն դատարանի կողմից: Օրվա կեսին Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարություն տարածեց. «Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին եւ նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին: Վստահեցնում եմ, որ այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա, այդ թվում՝ նաեւ քաղաքական: Ավելի քան ակնառու է, որ ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե՝ նմանօրինակ հրապարակումների   պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը եւ այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ»: Իհարկե, ցանկացած գործիչ, այդ թվում եւ Ծառուկյանը, իր մասին բացասական հրապարակումների հետեւում անպայման պատվիրատու է փնտրում, ինչն ուղղակի անտրամաբանական է: Բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ քաղաքական այս շրջափուլում այդպիսի կարեւոր փաստաթղթեր պատահաբար չեն դրվում շրջանառության մեջ: Այնպես որ, կոմպրոմատների պատերազմի մեկնարկը տրված է: Սպասենք նորանոր բացահայտումների:




Լրահոս