ԱՄՆ-ն սպիտակ ագռավի նման է նայվում, և ապրիլի 24-ին Օբամայի խոսքը կդիտվի ձևականություն. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է որակել:

Armlur.am-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

-Պարո´ն Սաֆարյան, մեզ համար անկանկա՞լ էր Օբամայի այս որոշումը, կամ արդյոք պե՞տք է հիասթափվել ասյ որոշումից: 

-Կարծում եմ` Միացյալ Նահանգներն իր կատարած սխալի պտուղները դեռ կվայելի, որովհետև Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև շատ էական է Մերձավոր արևելքում այսօր ընթացող իրադարձությունների կոնտեքստում: Դա միայն 100-ամյա վաղեմության խնդիր չէ: Նույնքան անսկզբունքայինությունը, առաջին պլանում քաղաքական նպատակահարմարությունները դնելը, այն է` ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չվատացնելու միամիտ հույսերը, բերում է նրան, որ Մերձավոր արևելքում օր օրի քրիստոնեական համայնքները մեր աչքի առջև վերանում են, և Թուրքիան իր կեղտոտ և անպատիժ քաղաքականությամբ շարունակում է սնուցել այդ վտանգները, ինչպես օրինակ` «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերը, որի արդյունքը մենք տեսնում ենք եզդիական, ասորական և այլ համայնքների հանդեպ իրականացվող հաշվեհարդարներով: Ահա սրան պետք է վերջ դներ Օբաման իր կողմից «ցեղասանություն» բառը օգտագործելով:

Գիտեք, շատ ամոթալի է: Ամերիկյան հասարակությունն առաջին հերթին պետք է այս խնդիրը դնի, որ 2008 թվականին նախագահ դառնալ ցանկացող անձը հրապարակավ կեղծ խոստում է տալիս և նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո իրեն պահում է միանգամայն այլ ձևով: Հետևաբար, մեզ համար, կարծես, ոչինչ չի փոխվել: Ինչպես տասնամյակներ շարունակ չեն արտաբերել այդ բառը, այնպես էլ հիմա մեզ համար ոչինչ չի փոխվում: Թերևս, Օբաման ինքն է հեռավարություն վերցնում Հայաստանից և հայոց ողբերգությունից:

Միացյալ Նահանգները շատ իզուր և միամիտ հույսեր է փայփայում, թե այս հարցում Թուրքիային խնայելով` խնդիրները լուծելու է: Հայոց ցեղասպանության դատապարտումը կարող էր սթափեցնել Թուրքիային և Միացյալ նահանգները շատ լուրջ պատմական հնարավորություն է կորցնում դա անելու համար: Մնացածն իրենց խղճի գործն է:

– Մայիսի 7-9-ը ԱՄՆ-ում սպասվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կարծիք կա, որ դա ևս Ցեղասպանությունը ճանաչելու համար հարմար առիթ է: Հնարավո՞ր է` ապրիլի 24-ից հետո Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը: 

– Ասել, թե ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Օբամայի վերջնաժամկետն էր, քավ լիցի: Ի վերջո, չափազանց տգեղ և վատ լույսի ներքո ամերիկյան քաղաքականությունն է երևում, հատկապես, երբ Վատիկանն ու եվրոպական երկրները ճանաչում են Ցեղասպանությունը: Միացյալ նահանգներն է, որ սպիտակ ագռավի նման շատ տգեղ է  նայվում այս առումով: Նրա ցավակցական խոսքերը ապրիլի 24-ին ավելի շատ ձևականություն կդիտվեն, քան թե սրտի խորքից ասված: Միացյալ Նահագները հենց ինքն է արժեզրկում ապրիլի 24-ի իր ելույթը: Օբամայի ելույթից հայերը ոչ այնքան մխիթարվելու են, որքան զայրանան: Նման դեպքերում Միացյալ Նահանգների նախագահը, լավ կանի, ոչ մի խոսք էլ չասի ապրիլի 24-ին, որովհետև դա շատ վատ է երևալու աշխարհի մակարդակով: Իսկ ինչ վերաբերում է ապրիլի 24-ից հետո որևէ օր Ցեղասպանությունը ճանաչելուն, ապա ԱՄՆ-ն այս հնարավորությունը միշտ ունենալու է: Խնդիրը դա չէ, խնդիրը չի փակվում ապրիլի 24-ին: Միացյալ նահանգները իր քաղաքականությամբ է իրեն դնում հիմար վիճակում:

-Իսկ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վատացում, Ձեր կարծիքով, հնարավո՞ր է: 

-Չեմ կարծում: Բայց դրանք, անշուշտ, սահմանափակված կլինեն: Ցեղասպանության խնդիրը Հայաստանի համար ոչ միայն արդաության, ճշմարտության հաղթանակի հարց է, այլև անվտանգության երաշխիք և գործիք է: Հետևաբար, եթե Միացյալ Նահանգները այդ քայլը չի կատարում, բնականաբար, Հայաստանի և Միացյալ նահանգների միջև ճեղքվածքը չի կարող շատ կրճատվել, քանի դեռ այս խնդիրը լուծված չէ:

Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի




Լրահոս