Ռոբերտ Քոչարյանը երեկ անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական հետապնդմանն ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշմանը՝ իր աջակցությունը հայտնելով նրան:
«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի»,-հայտարարել է Քոչարյանը:
Այն, որ Օսկանյանին «հանձնելով»՝ ՀՀ ԱԺ-ն իրոք վարկաբեկեց իրեն, դրանում որեւէ մեկը չի կասկածում: Սակայն ուշագրավն այն է, որ այդ մասին խոսում է մի մարդ, ում իշխանության օրոք նման դեպքեր բազմիցս են եղել: Ժամանակին, երբ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին կալանավորելու մասին այս նույն գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի միջնորդությունը, Քոչարյանը սպառնացել էր ցրել խորհրդարանը, եթե այն համաձայնություն չտա Սիրադեղյանին գոնե մեղադրանք առաջադրելու միջնորդությանը: Քոչարյանի իշխանության օրոք 2008թ. մարտի 4-ին առանց որեւէ հիմնավորման ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկեց ընդդիմադիր պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին ու Հակոբ Հակոբյանին:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. Ռ. Քոչարյանը երեկվա հայտարարությամբ իր տարակուսանքն է հայտնել ԱԱԾ եւ դատախազության գործողությունների վերաբերյալ: Ու սա այն դեպքում, երբ նույն դատախազին ու ԱԱԾ պետին՝ Աղվան Հովսեփյանին ու Գորիկ Հակոբյանին, ժամանակին ինքն է նշանակել այդ պաշտոններին: Ավելին, 2004թ. մարտի 18-ին նույն Քոչարյանն Ա. Հովսեփյանին գլխավոր դատախազ նշանակելիս հայտարարել էր. «Պրոֆեսիոնալ ու սկզբունքային մարդ. հենց այդպես ես գիտեմ Աղվան Հովսեփյանին՝ 1981թ. սկսած»: Ու, փաստորեն, այս պրոֆեսիոնալ ու սկզբունքային մարդը հիմա անհեթեթ միջնորդություն է անուն նույն Քոչարյանի թիմի անդամի նկատմամբ: Ընդ որում հարուցված գործն առանց իրավական հիմնավորումների է՝ խախտելով ՀՀ քրեադատավարական օրենսգրքի հոդվածները: Այլ կերպ ասած՝ Քոչարյանը խոստովանում է իր հերթական անհաջող կադրերի մասին:
Հ.Գ. Այս ամենից հետո շատերը հիշել են Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այդ կապակցությամբ: «Հունվարի 25-ին մենք ականատես եղանք մի իրադարձության, որն իր ցինիզմով եւ վտանգավորությամբ դեռեւս նախադեպ չի ունեցել որեւէ քաղաքակիրթ երկրի կյանքում: Եթե մեր իշխանությունները որոշել էին խայտառակել Հայաստանը, ապա նրանց կարելի է շնորհավորել. դա միանգամայն հաջողվեց… Ինչ վերաբերում է խայտառակության գլխավոր դերակատարին՝ հանրապետության դատախազին, ապա նա կա՛մ բացարձակ անգրագետ է, կա՛մ էլ հլու կամակատար, երկու դեպքում էլ՝ լուրջ փորձանք հայ ժողովրդի համար, որից պետք է շուտափույթ կերպով ազատվել… Նման դատախազը մեկ չարակամի վկայությամբ կարող է քրեական գործ հարուցել ցանկացած քաղաքացու նկատմամբ»,-ժամանակին հայտարարել էր Տեր-Պետրոսյանը, ում խոսքերը հաճախ իրականանում են:
ԵՎՍ ՄԵԿ ԱՆՀԱՋՈՂ ԿԱԴՐ՝ ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ