Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիան կորցրել է իմ նման մեծ երգչի. Շառլ Ազնավուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում գտնվող ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր Մոսկվայում է, իսկ արդեն մայիսի 4-ին կներկայացնի իր նոր ալբոմը, որըւ նվիրված է իր դժվարին անցյալին՝ ֆաշիզմի թեմային, պատերազմին ու ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անցյալին:

«Հայերը երբեք առանձնապես չեն սիրել խոսել այս թեմայի շուրջ: Կարծես թե նրանք ամաչում են դրա համար, սակայն պետք է ամաչեն ոչ թե նրանք, այլ ովքեր դա արել են: Սակայն պետք է նշել, որ այժմ Թուրքիայում արդեն կան մարդիկ, ովքեր ճանաչում են այդ փաստը: Եվ գնալով նրանց թիվն ավելանում է»,- Lifenews-ին տված հարցազրույցում ասել է Շառլ Ազնավուրը:

«Ես նաև ցանկանում եմ ասել, որ եթե չլիներ ցեղասպանությունը, ապա Թուրքիայում այսօր կապրեր մի հայտնի երգիչ՝ դա կլինեի ես: Նրանք կորցրեցին հայկական մտավորականությանը, սակայն ոչնչացնել այն չհաջողվեց: Մենք կարողացանք գոյատևել, սակայն նրանք կորցրեցին բարձրահունչ մարդկանց անուններ, ովքեր փախել են այնտեղից և ովքեր կարող էին լինել այդ երկրի մի մասնիկը: Սակայն այդ ամենը անցյալում է, այժմ մենք ապրում ենք 21-րդ դարում, և ժամանակն է իրերին այլ կերպ նայել: Մեր երկու ազգերը շատ ընդհանրություններ ունեն, և ժամանակն է խոստովանել, թե ինչ է եղել մեր միջև, հաղթահարել այդ պատնեշն ու շարունակել ճանապարհը»,- ասել է լեգենդար շանսոնյեն, ով շուտով 91 տարեկան է դառնում:

Իր տարիների մասին երգիչը խոսում է այնպես, ինչպես բոլոր ֆրանսիացիները.«Ես չեմ ծերացել, պարզապես տարիքս է ավելացել»: Ընդ որում նա չգիտի հավերժական երիտասարդության գաղտնիքը, սակայն գիտի, թե որն է առողջության խնդիրը:

«Ես բացահայտել  եմ առողջության գաղտնիքը, սակայն չեմ բացահայտել երիտասարդության գաղտնիքը, դա, ցավոք, մինչ օր բացահայտված չէ: Այն կայանում է հետևյալում՝  չանել չափազանց շատ սխալներ, շատ չխմել, գինին խմել հաճույքով և ընդամենը մեկ բաժակ, չհարբել: Ես երբեք ամբողջությամբ չեմ ուտում ուտելիքը, որ բերում են ինձ, ես երբեք տանից դուրս չեմ գալիս ուշ երեկոյան. դուք ինձ չեք հանդիպի գիշերային ակումբներում: Ես 47 տարի առաջ թողեցի ծխելը, իսկ մինչ այդ օրական 3 տուփ Gauloises եմ ծխել: Ես չեմ զբաղվում սպորտով, ինձ ողջ կյանքս ասել են, որ չի կարելի ուտել կծու, յուղոտ ու քաղցր բաներ, սակայն ես ուտում եմ կծու, յուղոտ ու քաղցր բաներ: Voila!»,- ասել է Ազնավուրը:




Լրահոս